Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերը

Հոկտեմբեր 18,2016 17:43

2016 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը անդամ 6 պետությունների անունից ընդունեց հայտարարություն՝ դատապարտելով Հակահրթիռային համակարգերի զարգացումը… Ու թեև հայտարարության մեջ նշված չէ ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ ՆԱՏՕ-ի անունը, սակայն ակնհայտ է, որ բողոքի հասցեատերը հենց հյուսիսատլանտյան դաշինքն է:

Զավեշտալի է

Նախ հարկ է նկատել, որ հակահրթիռային համակարգը բացառապես պաշտպանական համակարգ է, այն նախատեսված է հակառակորդի բալիստիկ հրթիռները օդում վնասազերծելու համար և դրա համար հարկավոր չէ թեկուզ մեկ զինվոր կամ, առավելևս, խաղաղ բնակիչ սպանել:

Հետևապես, ինքնին անհեթեթ է որևէ լուրջ սուբյեկտի կողմից բողոքել հակահրթիռային համակարգերի զարգացումից (եթե, իհարկե, չկա այդ պետությունները բալիստիկ հրթիռներով խոցելու մտադրություն): … Ըստ էության, պաշտպանական այդ համակարգերից բողոքելը նույնն է, ինչ բողոքել, որ որևէ մեկը զրահաբաճկոններ կամ հակագազեր է արտադրում:

Հետևապես, եթե մեկը բողոքում է դիմացինի պաշտպանական համակարգերից, ապա կարելի է վստահաբար պնդել, որ այդ բողոքողը խաղաղ մտադրություններ չունի:

Եվ այստեղ հարց է ծագում, թե այդ ի՞նչ է անում ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը, որ արևմուտքում ու ՆԱՏՕ-ում լուրջ միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանից պաշտպանվելու համար:

Հայաստանն ի՞նչ գործ ունի

Այս տրամաբանությանը, անշուշտ, կարելի է հակափաստարկել այն, որ Ռուսաստանը մտահոգություն ունի, որ ՆԱՏՕ-ն կարող է հարձակվել իր վրա, իսկ ինքը չի կարողանա բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնել… Բայց այստեղ երկու հարց է առաջ գալիս. նախ, ինչու՞ պիտի ՆԱՏՕ-ն հրթիռային հարված հասցնի ՌԴ-ին, և երկրորդ՝ ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը:

Հայաստանը 2005 թվականից հանդիսանում է ՆԱՏՕ-ի գործընկեր-պետություն և ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է խաղաղապահ առաքելություն: Հայաստանի բոլոր ուժային (այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը և այլն) կառույցները օգտվում են ամերիկյան ֆինանսական աջակցությունից:

Ավելին, ՀՀ Զինված ուժերը հենց ՆԱՏՕ-ի կազմում են իրականացնում խաղաղապահ առաքելություն Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում:

Այս լույսի ներքո բացարձակապես անհասկանալի է, թե ինչու՞ է Հայաստանը դատապարտում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տարածումը… Առավելևս, որ եթե անգամ չլիներ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, միևնույնն է, հազիվ թե Հայաստանը մտադիր է բալիստիկ հրթիռներով հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, որ խնդիր ունենա այդ դաշինքի հակահրթիռային համակարգերի հետ:

Համենայնդեպս, ստացվում է, որ հոկտեմբերի 14-ին Հայաստանը պաշտոնապես դեմ է արտահայտվել մի շարք (այդ թվում՝ գործընկեր) երկրների կողմից իրենց տարածքն ու բնակչությանը պաշտպանելուն ուղղված համակարգերի զարգացմանը:

Մնում է միայն հուսալ, որ Հայաստանի գործընկեր ՆԱՏՕ-ի անդամ պետությունները լուրջ չեն վերաբերվի Հայաստանի այդ դիրքորոշմանը, ըմբռնելով, որ այն արված է հյուսիսային ճնշումների ներքո:

 

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31