Վերջին ամիսներին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջայցեր է կատարել սփյուռքի հայրենակիցների և Հայաստանում բնակվողների շրջանում: Նա այցելել է Բրյուսել, Փարիզ և ՀՀ մարզեր:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Փոստանջյանը տեղեկացրեց, որ իր հանդիպումների նպատակն է տրամադրել տեղեկություններ մինչև «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը և ապստամբությունից հետո եղած իրավիճակի և անհրաժեշտ քայլերի մասին:
Պատգամավորը նշեց, որ միայն Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում են իրենց խոչընդոտել` դահլիճ չտրամադրելով, ինչի պատճառով հանդիպումն անցկացրել է փողոցում:
Տիկին Փոստանջյանը վստահեցնում է, որ հանրությունն այսօր սպասում է հստակ գործունեության ծրագրի, և որպես հիմք` պետք է լինի մի փաստաթուղթ, որի շուրջ ծավալեն իրենց գործունեությունը:
Կարդացեք նաև
Դառնալով այն սպասումներին, որոնք կապված են ապրիլին կայանալիք ընտրությունների հետ` տիկին Փոստանջյանն ասաց, որ առանձնապես սպասելիքներ չունի, քանի որ ընտրության անցկացման նվազագույն պայմաններն ապահովված չեն:
Զարուհի Փոստանջյանի կարծիքով` պետք է ընտրելու իրավունք ստանան նաև ՀՀ-ից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները. «Պետք է ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին, մինչդեռ դա շուրջ 25 տարի արգելվել է: 1995-ին, երբ կեղծիքների միջոցով ընդունվեց սահմանադրություն, այնտեղ արգելք կար երկքաղաքացիության. արգելում էին սփյուռքահայությանը մասնակցել հայաստանյան կյանքին: Դրույթը փոխվեց, բայց մեկ այլ դրույթ մտցվեց` քաղաքացիների ընտրությունն օտար երկրներում արգելվեց: Կամաց-կամաց նրանք օտարվեցին մեր ներքաղաքական կյանքից: Իսկ Հայաստանում հիմնականում մնացել են թոշակառուները և մյուս խոցելի խմբերը»:
Ըստ տիկին Փոստանջյանի` ՀՀ իշխանությունները չեն ցանկանում համակարգային փոփոխություններ կատարել. «Գլխավոր ընտրակեղծարարին` Մուկուչյանին, ընտրեցին ողջ խորհրդարանով»:
Դառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, տիկին Փոստանջյանը հիշեց պատմությունը. «Լավրովի հայտարարությունը հիշեցնում է հարյուր տարվա պատմությունը, երբ մարտին կնքվել է Մոսկվայի պայմանագիրը, որն այս պահին գործում է: Ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների պատճառով այսօր մենք այսքան խոցելի ենք: Երբ գալիս է Ռուսաստանի շահը հայ ժողովրդի շահը զոհաբերվում է: Մենք այս պահին էլ դրա ականատեսն ենք լինում: Ուստի մենք առաջին հերթին պետք է իրավական գնահատական տանք իրենց այդ եղբայրական պայմանագրին, քանի որ դա իրավունքի տեսանկյունից անօրինական փաստաթուղթ է: Պետք է գույքագրենք, ճանաչենք մեր իրավունքները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ