Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ կարգավորման փաթեթից առանձին բաղադրիչների դուրսբերումն ապակառուցողական է. Իգոր Պոպով

Հոկտեմբեր 18,2016 17:33

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միասնական փաթեթ է, և դրանից առանձին բաղադրիչների դուրսբերումը ապակառուցողական է: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով ԼՂ հարակից տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու վերաբերյալ հարցին:

«Մենք բազմիցս մեր կարծիքն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի հարցով: Այդ հարցը պետք է դիտարկել կարգավորման մյուս բաղադրիչների, այդ թվում Ղարաբաղի կարգավիճակի հարցի, բոլոր փախստականների վերադարձի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանման, խաղաղապահական գործողությունների անցկացման հետ համատեղ: Կարգավորման հարցը միասնական փաթեթ է, և դրանից առանձին բաղադրիչներ դուրս հանելու ցանկացած փորձ, որին մեկ կամ մյուս կողմը նախապատվություն է տալիս, ապակառուցողական են»,- ասել է Պոպովը:

Պոպովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել «հոկտեմբերի երրորդ տասնօրյակում»: Նախատեսվում է Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հանդիպումներ ունենալ ղեկավարությունների և զինվորականների հետ.

«Պատրաստվում ենք ուսումնասիրել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը: Կքննարկենք բանակցային գործընթացի հետագա հեռանկարները՝ հաշվի առնելով առկա աշխատանքային առաջարկները: Կպարզենք հակամարտության գոտում ռազմական իրավիճակը, որը ըստ մեր գնահատականների, ապրիլյան իրադարձություններից հետո մինչև վերջին ժամանակները համեմատաբար խաղաղ է եղել»:

Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած համանախագահների հանդիպմանը՝ Պոպովը նշել է, Ռուսաստանի արտգործնախարարությունում անցկացված հանդիպմանը մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքները:

«Ս.Վ. Լավրովը գործընկերներին տեղեկացրել է Ռուսաստանի ինքնուրույն միջնորդական ջանքերի մասին, կիսվել Երևանում և Բաքվում Ղարաբաղյան խնդրի շուրջ իր զրույցների գնահատականներով: Ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հաստատել են կարգավորման հարցում իրենց երկրների մոտեցումները, որոնք արտահայտում են «եռյակի» հավաքական դիրքորոշումը»,- ասել է Իգոր Պոպովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31