Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրական «հասանելիության» ապահովում․ հաշմանդամություն ունեցողների խնդիրները շարունակում են մնալ չլուծված

Հոկտեմբեր 18,2016 17:30

Թեև Հայաստանում վերջին տարիներին պետական մակարդակով, կարծես թե, մի շարք քայլեր են արվում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար, սակայն կատարված գործը ոչ միշտ է համապատասխանում խոսքին, կամ արվածը զուտ ցուցադրական է, առանց հաշվի առնելու, թե որքանով է դա իրականում ապահովելու տեղաշարժվելու և մատչելիության ամենատարրական խնդրի լուծումը:

Ճարտարագիտական համալսարանի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ֆակուլտետն ավարտած 26-ամյա Արև Մելքոնյանը, որը հասարակական ակտիվ կյանքով է ապրում, Երևանում շրջելիս մշտապես դժվարությունների է հանդիպում՝ պատճառը քաղաքային միջավայրի անհարմարավետությունն ու անմատչելիությունն է իր և հաշմանդամություն ունեցող բազմաթիվ այլ անձանց համար:

Արևը տեղաշարժվում է սայլակով, ու չնայած հումորով է մոտենում իր ազատ տեղաշարժը խոչընդոտող տարբեր հանգամանքներին, բազմաթիվ օրինակներ է հիշում, թե ինչպես չի կարողացել իրեն անհրաժեշտ վայրը հասնել հենց այդ պատճառով:

 

«Տնից դուրս գալիս արկածներն ինձնից անպակաս են»,-ասում է նա, հավելելով, որ չնայած միջազգային չափանիշներին որոշակիորեն հարմարեցված է Երևանի փոքր կենտրոնը, այնուամենայնիվ, խնդիրներ դեռ շատ կան,-Երևանում քայլելիս անընդհատ բորդյուրներ եմ հաղթահարում, իհարկե կան թեքահարթակներ, բայց դրանցից շատերը բորդյուրին հավասար բարձրություն ունեն, իսկ Հանրապետության հրապարակից այն կողմ ոչ մի թեքահարթակ չկա»:

Արևը հիշում է իր հետ պատահած ամենաթարմ միջադեպը, երբ փորձել է իջնել երիտասարդականի գետնանցման «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի վերելակներից մեկով, որը նախատեսված է հատուկ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Առաջին մեծ խոչընդոտն այն էր, որ վերելակից օգտվելու պրոցեսը շատ երկար տևեց, ես չէի կարող անմիջապես կոճակը սեղմել և մտնել վերելակ, քանի որ այն փակ էր, իսկ անվտանգության աշխատակիցները ներքևում էին, միայն իրենց ինչ-որ ձևով կանչելը, տեղյակ պահելը, որ գան և ինձ օգնեն, տևեց 40 րոպե: Բացի այդ, ես ականատես եղա նրանց կողմից դրսևորվող անհանդուրժող վերաբերմունքի միայն այն բանի համար, որ հարցրի, թե ինչո՞ւ վերևում վերելակը կանչելու կոճակ չկա: Ի պատասխան նրանք հոխորտացին, թե լավ կլինի՞, եթե ամեն երկրորդը էս կոճակը սեղմի, փչացնի: Պետք է ասեմ, որ նույնիսկ անիրազեկ մարդու համար տեսանելի է, որ վերելակը հաշմանդամություն ունեցող անձանց համար է նախատեսված»,-ասում է նա:

Արևի պնդմամբ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժման համար տարբեր հասարակական վայրերում, առևտրի կենտրոններում ստեղծված հարմարությունները առավելապես ցուցադրական են, քան պիտանի: Որպես ապացույց նա վկայում է նորաբաց «Տաշիր սթրիթ» ստորգետնյա առևտրի կենտրոնի բացօթյա վերելակը։

dis-1

«Երբ առաջին անգամ տեսա վերելակը, դրա համար վերցված տարածքի չափերը, շատ ուրախացա, մտածեցի ահա վերջապես մի տեղ, որը միջազգային չափանիշներին համապատասխան վերելակ կունենա: Մեծ էր հիասթափությունս, երբ մտնելուց սայլակս մինչև վերջ չտեղավորվեց, դռները չփակվեցին, ու ես տեղիցս չշարժվեցի: Պարզ է դառնում, որ այս դեպքում իրենց համար վերելակի արտաքին տեսքն ավելի կարևոր է, քան դրա՝ իր գործառույթին ծառայելը»,-փաստում է նա:

Արևը քաղաքում տեղաշարժվելիս չի երթևեկում հասարակական տրանսպորտով, օգտվում է միայն տաքսիներից, քանի որ նրա խոսքով ավտոբուսներն ու մետրոն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված չեն:

«Կան մի քանի ավտոբուսներ, որտեղ շարժական վերելակներ են տեղադրված, բայց խնդիրը դրանով չի լուծվում. ներսում ոչ բռնվելու տեղ կա, ոչ ամրագոտիներ, թե ես ներսում իմ սայլակով ում կվնասեմ, կամ արդյոք ես չեմ վնասվի, որևէ մեկի հետաքրքիր չէ»,֊-ասում է հաշմանդամություն ունեցող աղջիկն ու հավելում, որ խնդիր են նաև այդ մի քանի հարմարեցված տրանսպորտային միջոցների ժամանակային գրաֆիկը և ուղղությունները:

«Երբ մի անգամ փորձարկելու նպատակով զանգեցի դիսպետչերական կետ ճշտելու, թե որ ժամին որ կանգառում կգտնվի ցանկացած հարմարեցված տրանսպորտ, այնտեղից պատասխանեցին՝ դե կանգառում սպասեք, կկանգնի էլի»,֊-ասում է Արևը՝ նշելով, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ մետրոյից օգտվելու հնարավորությունից ևս զրկված են,֊ մետրոյի մուտքի թեքահարթակն այնքան նեղ է, որ մի անիվով եմ տեղավորվում դրա վրա, վերելակ չկա ոչ մուտքի աստիճանների, ոչ էլ` էսկալատորների կողքին»։

Հատկանշական է, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացրած տվյալների համաձայն՝ պատկերը բոլորովին այլ է, ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային տրանսպորտը մատչելի դարձնելու նպատակով 2015թ վերջին Չինաստանից ներկրված և հատուկ վերելակներով կահավորված «Հիգեր» մակնիշի թվով 20 ավտոբուսներ միանգամայն համապատասխանում են միջազգային նորմերին: Ըստ նույն աղբյուրի՝ ընտրված 6 երթուղիներն էլ համապատասխանեցված են հասարակական կազմակերպությունների հետ: Ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների երթակարգավարական ծառայության հեռախոսահամարը՝ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին տեղեկություն ստանալու համար:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է նաև, որ 2016 թվականին նախատեսվում է ևս 5 քաղաքային ավտոբուս կահավորել վերելակներով։

Տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց քաղաքային տրանսպորտից օգտվելու մատչելիությունն ապահովելու համար, ըստ այդմ, «Հիգեր» մակնիշի թվով 37 քաղաքային ավտոբուսների ուղևորասրահներում տեղադրվել են կանգառների անվանումների բարձրաձայն հայտարարման ավտոմատ սարքեր: Քաղաքապետարանը տեղեկացնում է նաև, որ կայանատեղերի կահավորման աշխատանքների շրջանակներում թվով 101 վճարովի կայանատեղերում, համապատասխան կահավորանքի միջոցով, առանձնացվել են տեղեր հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների համար։

Թեքահարթակների խնդրին վերջերս քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որից շուրջ 100-ն արդեն իսկ կառուցվել է:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պատասխանատու Զարուհի Բաթոյանն ասում է, որ չնայած թեքահարթակների մասին անընդհատ անդրադարձը նոր կարծրատիպ է ստեղծել՝ մատչելի միջավայրի ապահովումը սահմանափակելով միայն դրանց առկայությամբ, նույնիսկ այդ դեպքում կան բազմաթիվ թերություններ:

«Վերջին երկու-երեք տարիների ընթացքում նորակառույց շինությունների մոտ կառուցվող թեքահարթակները բավականին լավն են, բայց տեխնիկապես չեն համապատասխանում և՛ միջազգային, և՛ 2007-ին քաղաքաշինության նախարարության կողմից վավերացված սակավաշարժ մարդկանց համար շինարարական ստանդարտներին: Դրանց թեքությունը պետք է ունենա 10-12 աստիճան անկյունագիծ, բռնակի, ձմռանը ծածկի և տաքացվող հատակի առկայությունը ևս օրենքով ամրագրված են, որոնց մասին, իհարկե ոչ մի շինարար չի էլ լսել»,-ասում է Բաթոյանը՝ հավելելով, որ թեքահարթակների հետ կապված ևս մեկ խնդիր կա, որի պատասխանատվությունը ոչ քաղաքապետարանը, ոչ էլ ճանապարհային ոստիկանությունը չի ցանկանում ստանձնել: ֊Թեքահարթակների դիմաց կայանող մեքենաները ոչ մի կերպ չեն զգուշացվում այն մասին, որ այդ հատվածը պետք է ազատ թողնվի, ցավոք օրենքով այս հարցը չի կարգավորվում, իրականում դա քաղաքապետարանի խնդիրը չէ, բայց մեկը պետք է զբաղվի այդ խնդրով, իսկ ամենամոտ կանգնած ճանապարհային ոստիկանությունը ևս լռում է»:

Փողոցով հարմարությունների դեպքում թեքահարթակներից զատ Բաթոյանի խոսքով, կարևոր է նաև ուռուցիկ մակերես ունեցող տակտիլ հատակների առկայությունը, որի կառուցումը, ըստ քաղաքապետարանի, նախատեսվում է Երևանի զարգացման ծրագրի շրջանակներում մինչև 2025 թ-ը:

Բաթոյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված վերելակների ու զուգարանների խնդիրը նույնպես ակտուալ է։

«Կան ամբողջ աշխարհում տարածված դասական ստանդարտներ, որոնց իրականացումն այնքան էլ դժվար չէ, օրինակ, վերելակների դեպքում դրանք այնքան լայն պետք է լինեն, որ սայլակով քայլող մարդը կարողանա հեշտությամբ մտնել, կոճակները պետք է շատ բարձր չլինեն, տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հարկերում կողմնորոշվելու համար պարտադիր է ձայնային վերելակի առկայությունը, իսկ ինքնուրույն անհրաժեշտ հարկի կոճակը սեղմելու համար՝ այն պետք է բրայլյան լինի՝ շոշափելու հնարավորությամբ,- ասում է Բաթոյանը՝ կարևորելով նաև զուգարանների դեպքում օգնության կանչի կոճակի և դրան արձագանքող մարդկանց առկայությունը:

Խոսելով ժամանցի վայրերի մատչելիության մասին, Բաթոյանը նշում է, որ համերգասրահներում, կինոթատրոններում և թատրոններում խնդիրը տեղերի անհարմարությունն է։

«Երևի թե Կամերային երաժշտության տունը միակ համերգասրահն է, որտեղ դահլիճում աթոռները տեղաշարժվող են, այլապես ստացվում է, որ մարդ միայն մուտքի համար է վճարում, ինչ վերաբերում է կինոթատրոններին, այդտեղ նման հնարավորություն չկա, ես ստիպված եմ ֆիլմի ողջ դիտման ընթացքում կանգնել մուտքի մոտ կամ նեղ միջանցքում»,-ասում է նա՝ հավելելով, որ այդ սկզբունքով տոմս վաճառելը արդար չէ, և նման վայրերում հարմարեցված նստատեղերի բացակայության դեպքում էլ կարելի է միայն մուտքավճար սահմանել:

«Հույսի կամուրջի» ներկայացուցչի խոսքով՝ կինոթատրոններից միայն նորաբաց «Կինոպարկում» ընդհանուր թվից մի քանի նստատեղեր հարմարեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ըստ Բաթոյանի, սակայն, միայն թեքահարթակները, հարմարեցված զուգարաններն ու շարժական նստատեղերը չէ, որ պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը տարբեր միջոցառումներին։

«Կինոթատրոնների օրինակով կարող եմ նշել, որ կա խնդիր տեսողության և լսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար ֆիլմի հասանելիությունն ապահովելու հարցում, ցուցադրությունների ժամանակ նրանց համար չկան ո՛չ լուսագրեր, ո՛չ ձայնային նկարագրություն: Այդ առումով միջազգային փառատոները դասական օրինակ են՝ ցույց տալու մարդկանց, թե ինչպես են մատչելի դարձնում ֆիլմը»,-ասում է Բաթոյանը:

Բաթոյանը հիշում է, որ նմանատիպ նախադեպ առաջին և դեռևս վերջին անգամ իրականացրել է իրենց կազմակերպությունը՝ 2015թ դեկտեմբերին Մշակույթի նախարարության և Կինոմոսկվայի աջակցությամբ։

dis-2

«Ֆիլմերի ցուցադրումն ուղեկցվում էր և՛ լուսագրերով, և՛ աուդիոթարգմանությամբ, կար նաև անգլերեն թարգմանություն, թույլ տալով ամենաքիչը 5 խմբի մարդկանց դիտել ֆիլմը: Նման նախաձեռնությունն առավելագույնը երեք հարյուր հազար դրամի ծախս է պահանջում»,-նշում է նա:

Բուհերի դեպքում խնդիրը կրկին այն է, որ այդ հարմարությունները կառուցվում են առանց հաշմանդամություն ունեցող անձանց հետ խորհրդակցելու, առանց ստանդարտները հաշվի առնելու:

Ըստ Բաթոյանի՝ հայաստանյան բուհերից նախատեսված չափանիշներին հարմարացված է միայն Ամերիկյան համալսարանը:

Հատկանշական է, որ շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժի ապահովման պատասխանատու արդեն նախկին Քաղաքաշինության նախարարության «Շինարարության քաղաքականության» վարչությունում չեն հերքում այն հանգամանքը, որ սակավաշարժ խմբերի համար նախագծային ծրագրերը դեռ թերի են:

«Նկատած կլինեք՝ հատկապես անցուղիներում աստիճանների կողքին գտնվող թեքահարթակները շատ մեծ թեքություն ունեն և գործնականում դրանք օգտագործել չի լինում, հիմա աշխատանքներ են տարվում այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ: Նույնը վերաբերում է վերելակներին, այսօր գործում է փողոցից առաջին հարկ մոտեցումը, փորձել ենք անել ամեն ինչ, որ գոնե շենքերի առաջին հարկ մուտքը հնարավոր լինի: Շինարարական նորմերին չհետևող կազմակերպություններին դեռևս տուգանքներ չեն ներկայացվել, բայց արվում է ամեն ինչ, որպեսզի վերջիններս իրենց միջոցներով շտկեն առկա թերությունները»,-ասում է նախկին Քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության պետի տեղակալ Արմեն Քոչարյանը։

Սաթենիկ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:

 

[email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31