Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք հե՞տ կանգնել ձեր ստորագրած փաստաթղթից՝ պատրաստ եմ». Դավիթ Հարությունյանը՝ «4+4+4»-ի մասնակիցներին

Հոկտեմբեր 18,2016 16:31

«Մենք պայմանագրից չենք շեղվել: Ուզում եմ հրապարակավ հայտարարել, համաձայնագիրն ամբողջովին արտացոլել ենք այս նախագծում: Կամ դուք չեք կարդում ու ստորագրում եք, կամ կարդում եք, ուղղակի այստեղ այլ քաղաքական խաղ եք խաղում, որը սազական չէ»,- ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա ընթերցեց իրենց հայտարարության համապատասխան հատվածները, որտեղ առկա են 5 խմբակցությունների ստորագրությունները, իսկ երբ դահլիճից հակադարձեցին, նա նկատողություն արեց. «Կարծում եմ, հանրությունն ավելի լավ է ընկալում, քան ոմանք այս դահլիճում: Խնդրում եմ ինձ չխանգարել»:

Նա ասաց, որ միգուցե ոմանք որոշել են հետ կանգնել համաձայնագրից. «Նորմալ է, բայց այդ դեպքում պետք է նշեմ՝ ցանկացած համաձայնագրում յուրաքանչյուր դրույթ բալանսավորված է մեկ այլ դրույթով»:

Պատգամավորները հիմնականում դժգոհում էին ուրիշի փոխարեն քվեարկելու մասին կեղծ հայտարարություն տվողի համար քրեական պատիժ սահմանելուց եւ ազատազրկելու պատժատեսակից: Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե ինչ-որ անձ քվեարկել է ու հետո թաքնվել է, գնացել է ասենք, զոքանչի տուն , եթե չկարողանան 48 ժամվա ընթացքում նրան գտնել՝ բողոքը կհամարվի ճիշտ, այսինքն, այդքան կշիռ են տալիս դիմումատուին: Բայց դա չի նշանակում, որ կարելի է ի չարս օգտագործել հայտարարություն անելու հնարավորությունը:

Նա անդրադարձավ այն օրինակին, որ հարեւանը, իմանալով որ իր հարեւանը հանրապետությունում չէ, քվեարկելիս տեսնում է, որ նրա փոխարեն ինչ-որ մեկը ստորագրել է, քվեարկել է, չպիտի՞ հայտարարի այդ մասին: Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա շատ անպատասխանատու մոտեցում է, ի վերջո հարեւան էլ կա, հարեւան էլ: Օրինակ, իր հարեւանները Դավիթ Հարությունյանին չեն տեսնում ու չեն կարող համոզված նման բան պնդել:

«Ուզում եք հե՞տ կանգնել ձեր ստորագրած փաստաթղթից, ցավալի է, բայց պատրաստ եմ ձեզ հետ դա քննարկել՝ մի պայմանով: Այն ամենը, ինչ բալանսավորում էր այս դրույթը, եւս պետք է վերացվի: Խոսքը 3 դրույթի էր վերաբերում, կարող ենք 3-ն էլ հանել: Որոշվել էր, որ քրեական պատասխանատվություն պետք է լինի սուտ հայտարարության, կեղծ դիմումի, թե կրկնաքվեարկության համար: Պետք է վերացվի հավաստիության կանխավարկածը նաեւ: Եթե փոխում ենք, պետք է փոխենք համակարգային: Հակառակ դեպքում չի լինի: Գնդակը ձեր դաշտում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31