«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր բացվեց «Եվրաակումբ», որի նպատակն է՝ երիտասարդությանը հնարավորություն ընձեռել տեղեկատվություն ստանալ Եվրոպայի եւ եվրոպական արժեքների մասին: «Մասնավորապես մարզերում բնակվող երիտասարդներին սա հնարավորություն կտա ծանոթանալու Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին»,-ողջունելով նախաձեռնությունը՝ ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Նա հայտնեց, որ եվրաակումբների գաղափարը սկսվել է 25 տարի առաջ՝ Պորտուգալիայում եւ տարածվել ԵՄ անդամ այլ երկրներում, նաեւ՝ ԵՄ սահմաններից դուրս. «Շատ ուրախ եմ, որ հայաստանյան երիտասարդությունը եւս հետաքրքրված է այս նախաձեռնությամբ: Այն փաստը, որ Հայաստանում եւս տարածվում է այս գաղափարը, խորհրդանշական է: Դա վկայում է այն մասին, որ երիտասարդ հայերի եվրոպական ինքնությունը շատ ամուր է: Հայաստանյան երիտասարդությունը մեծապես հետաքրքրված է շարունակելու իր կապերը եվրոպական երիտասարդության հետ»:
Դեսպանի բնորոշմամբ՝ Եվրամիությունն այսօր լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, բայց հայ երիտասարդներին հետեւյալ խորհուրդը տվեց. «Դրական տրամադրված եղեք Եվրամիության համար եւ լավատես: Հայաստանը Եվրամիության մի անքակտելի մասն է: Լինելով առաջին քրիստոնյա պետությունը եւ եվրոպական քաղաքակրթության օրրանը՝ հազարամյակներ շարունակ սերտ կապեր է ունեցել Եվրոպայի հետ: Հայերը Եվրոպայում պետք է զգան ինչպես իրենց տանը»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ առաջին «Եվրաակումբն» ավելի վաղ բացվել է Գորիսում: Ի դեպ, լրագրողների՝ թեմայից դուրս հարցերին ԵՄ դեսպանը հրաժարվեց պատասխանել, եւ միջոցառմանը ներկա երիտասարդների հետ քննարկումը շարունակվեց առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ