ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա-Նենսի Էվա Վրայլային:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Հունաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն և այդ համատեքստում` կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:
Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Էվա Վրայլան կարևորել է մեր երկու բարեկամ պետությունների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:
Հանդիպման հիմնական առանցքում եղել է Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիրը, որի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է այս տարվա մարտին Հունաստանում: Համաձայն ծրագրի, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով, նախատեսվում է ակտիվացնել բարձրագույն և հետազոտական հաստատությունների միջև հետագա համագործակցությունը, իրականացնել կրթաթոշակների փոխանակում: Հայաստանում հունարեն լեզվի և մշակույթի, իսկ Հունաստանում հայոց լեզվի և մշակույթի տարածման ու զարգացման նպատակով նախատեսվում է համալսարաններում հիմնադրել համապատասխանաբար` հունագիտական և հայագիտական կենտրոններ:
Կարդացեք նաև
Կողմերի հավաստմամբ` ծրագրի իրականացումը նոր թափ կհաղորդի կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը:
Միաժամանակ, պատրաստակամություն է արտահայտվել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ՀՀ Ազգային Ժողովի կողմից նշված փաստաթղթի վավերացումը, հնարավոր սեղմ ժամկետներում, ապահովելու համար:
ԿԳՆ հաղորդագրություն