Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարնանը սպասվող ընտրությունները կլինեն ամենավատ ընտրությունները Հայաստանում». Հայկ Մարտիրոսյան

Հոկտեմբեր 18,2016 15:26

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ, Հայաստանում ընդդիմությունը մասնատված է:

«Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ, ընդդիմության դաշտը չկա. մասնատված է, տրոհված է, ոչնչացված է: Այս պայմաններում իշխանության համար բոլորովին դժվար չէ ընդդիմության հետ համագործակցող հատվածների հետ հասնել կոնսենսուսի կամ ուղղակի ազդել նրանց վրա»,- կարծում է քաղաքագետը:

Այդ է նաեւ պատճառը, որ Ազգային ժողովում իշխանության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների կամ ներկայացրած պաշտոնյաների թեկնածուների մեծամասնական ձայներով հաղթանակ է արձանագրվում:

Ըստ նրա, ընդդիմության մասնատումը հետեւանք է իշխանության բավականին խելացի, իր հակառակորդին ոչնչացնելու քաղաքականության. «Այո՛, ընդդիմադիր դաշտի մի մասում իշխանության մարդիկ են ընդդիմադիրի քողով: Իրական ընդդիմությունը ռեսուրսներ չունի, տարբեր կուսակցություններում կան ոչ շատ կայուն մոտեցումներով մարդիկ, որոնք որոշակի ազդեցությունների են շատ արագ ենթարկվում: Շատ հայտնի, պարզ մեխանիզմներ են, որոնք իշխանությունն իր տեսանկյունից բավական խելամտորեն օգտագործում է և հասնում է այն արդյունքին, որն ունենք»:

Մեր հարցին, թե ինչպես է, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչներն այլ բան են հայտարարում, բայց օրինակ փակ քվեարկությունների ժամանակ իրենց հայտարարածին հակառակ քվեարկում, պարոն Մարտիրոսյանը շարունակեց. «Եթե խոսքը Վանաձորի մասին է, ապա մեծ հարց է՝ ովքեր ինչ են արել, դեռ պարզ էլ չէ՝ ովքեր են իրականում խախտել իրենց ասոցացումը կոնկրետ քաղաքապետի թեկնածուի հետ:

Զարգացած երկրներում հաստատված պրակտիկա է, որ եթե մարդիկ կատարում են քաղաքական հայտարարություն, ապա հետեւում են այդ հայտարարությանը: Հայաստանում ընդհանրապես խոսքը արժեք չունի, սա քաղաքական գրեթե բոլոր գործընթացներին է վերաբերում: Քաղաքական ուժերն ու գործիչները, այդ թվում նաեւ պետական գործիչները հայտարարում են մի բան, հաջորդ պահին կատարում բոլորովին հակառակ բան ու չեն կրում դրա համար պատասխանատվություն: Մենք պատասխանատվության ինստիտուտի հետ խնդիր ունենք, եւ այդ ինստիտուտը Հայաստանում նեխած ու ամբողջովին բարոյազրկված է»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր շատ գործիչներ էին դեմ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը, բայց նա ընտրվեց երեք դեմ ձայնով:

Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմադիր գործիչները տարբեր մեղադրական հայտարարություններ էին ուղղում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին, բայց պարզվեց, որ նա վերընտրվեց ընդդիմադիր խմբակցություններից ստանալով մոտ երեսուն կողմ ձայն:

Մեր հարցին, թե ապրիլյան ընտրություններից առաջ ընդդիմությունը կհասցնի՞ վերակենդանանալ, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իշխանության հետ համագործակցող ընդդիմադիր դաշտը որպես դաշտ ամայացված է, անապատացված է, թեեւ կան մեկ- երկու դեռեւս առողջ ուժեր: Փոխարենը բոլոր ռեսուրսները իշխանության ձեռքին են, ակնհայտ է, որ իշխանությունը նույնիսկ Սահմանադրություն փոխեց, որ արձանագրի իր համար ցանկալի արդյունքներ այս ընտրություններում: Սահմանադրությամբ, իբրեւ թե օրինական ճանապարհով, վերարտադրվի… վիճակն իրոք բարդ ու տխուր է քաղաքական դաշտի համար»:

Նրա խոսքով, ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակի արդյունքում, ապրիլին սպասվող ընտրությունները կլինեն ամենավատ ընտրությունները Հայաստանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31