Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխություն տեղի կունենա. Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում այդ հարցը չի քննարկվել, քանի որ նախագահներից մեկը ներկա չի եղել:
«Փոփոխություն պետք է տեղի ունենա, քանի որ գոյություն ունի նախագահների որոշում՝ կապված գլխավոր քարտուղարի և բոլոր պաշտոնատար անձանց ռոտացիայի համակարգի վերաբերյալ: Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց (կան տեղակալներ, վարչության ղեկավարներ), ապա այն մեզ մոտ իրականացվում է, և ի դեպ, շատ հաջող»,- ասել է Բորդյուժան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Երևանում այդ հարցի քննարկումը հետաձգվել է, քանի որ գագաթնաժողովին ներկա չի եղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Հաշվի առնելով, որ այդ հարցը պետք է լուծել բոլոր նախագահների մասնակցությամբ, պայմանավորվել ենք դեկտեմբերին կազմակերպել նախագահների հանդիպում, և արդեն այդ ժամանակ Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամները վերջնական որոշում կկայացնեն»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ