Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արթիկի՝ իր թեկնածությունը չառաջադրած քաղաքապետը

Հոկտեմբեր 18,2016 14:17

Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում, ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցավ իշխանափոխություն․ քաղաքապետի պաշտոնում անցավ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը՝ հաղթելով ԱԺ ներկայիս պատգամավոր Մուշեղ Պետոյանին, որի թեկնածությունն, ի դեպ, պաշտոնապես առաջադրել էր «Հանրապետական» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ պայմանավորվածության համաձայն, Արթիկի գործող քաղաքապետ, դարձյալ հանրապետական Արսեն Աբրահամյանը չառաջադրեց իր թեկնածությունը, որպեսզի Մուշեղ Պետոյանն առանց դժվարության քաղաքապետ դառնար։ Սակայն Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկ լինելուց հետո փոխվեց նաև իրավիճակն Արթիկում․ փաստացի քաղաքապետ դարձավ Մխիթար Վարագյանը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբայրը։ Նրանց մի եղբայրն էլ Նուրսուլթան Նազարբաևի մտերիմներից է։

Նոյեմբերի 14-ին Մխիթար Վարագյանը կերդվի արթիկիցիների առջև՝ ստանձնելով քաղաքապետի պաշտոնը։ Իսկ ինչո՞վ կզբաղվի Արթիկի դեռ գործող քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, որն, ի դեպ, ավարտել է Մոսկվայի կառավարման ակադեմիան, կիրթ անձնավորություն է, Արթիկում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծողներից մեկը։

Aravot.am-ն այս հարցն ուղղեց Արսեն Աբրահամյանին․ «Ինձ տարբեր առաջարկներ են եղել ու լինում են, բայց այս պահին չեմ ուզում հրապարակել, անգործ չեմ մնա, դա հաստատ»,- ասաց քաղաքապետը։ Մեր ճշտող հարցին՝ եթե ձեզ առաջարկվի, ասենք, փոխքաղաքապետի պաշտոնը, կստանձնե՞ք, Արսեն Աբրահամյանն ասաց․«Քաղաքապետարանում չեմ մնա, թեև ինձ առաջարկներ եղել են։ Հնարավոր է ես դուրս գամ Շիրակի մարզից ու Արթիկ քաղաքից, բայց ոչ երբեք հանրապետությունից, ես ծառայելու եմ միայն իմ երկրին, չեմ գնա ուրիշ երկրներին ծառայելու։

Ասեմ, որ իմ քաղաքապետարանից հեռանալը չի նշանակում, թե ես անմասն եմ լինելու քաղաքային խնդիրներից, ես օգտակար եմ լինելու քաղաքապետարանին, համայնքին»,-ասաց Արսեն Աբրահամյանը։

Չե՞ք տխրել, որ քաղաքապետի աթոռը զիջելո՞ւ եք Վարագյանին, մեր այս հարցին ի պատասխան՝ Արսեն Աբրահամյանն ասաց․«Իհարկե՝ ոչ, ավանդույթ ներդրեցինք Արթիկում պաշտոնը արժանապատիվ, սիրուն ձևով հաջորդին հանձնելու․ առաջին անգամ գործող քաղաքապետը շնորհավորեց հաղթողին։ Հիմա իմ կիսատ մնացած աշխատանքների մեջ ներգրավում եմ հաղթած քաղաքապետին, որպեսզի նա պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո շարունակի իմ գործը։ Ինքն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել իմ ծրագրերը շարունակելու, դառնալու իմ ծրագրերի ժառանգորդը»։

Արսեն Աբրահամյանի կարծիքով, որքան էլ քաղաքապետի պաշտոնը լինի ընտրովի, ամեն դեպքում այն նաև քաղաքական պաշտոն է ու քաղաքական աջակցությունը շատ կարևոր է։ Այսինքն, Արսեն Աբրահամյանը իր՝ այդ պաշտոնում չառաջադրվելը մեկնաբանում է այս ձևով։

Շիրակի մարզպետարանից էլ մեզ տեղեկացրեցին, որ ի սկզբանե Արսեն Աբրահամյանին Արթիկի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրելու ու ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին ճանապարհ հարթելու համար բարձր պաշտոն է առաջարկվել նախագահի աշխատակազմում, սակայն այժմ նա անորոշության մեջ է հայտնվել։ Բանն այն է, որ նրան խոստացողներից մեկը եղել է հենց Հովիկ Աբրահամյանը Մուշեղ Պետոյանի միջոցով։ Այժմ, ըստ մարզպետարանցիների, Մուշեղ Պետոյանի ու Արսեն Աբրահամյանի հարաբերություններն էլ հարթ չեն, քանի որ Արսեն Աբրահամյանը ընտրությունների ժամանակ սատարել է Մխիթար Վարագյանին։

Իսկ թե ինչու էր Մուշեղ Պետոյանն այդպես շատ ուզում դառնալ Արթիկի քաղաքապետ, բանն այն է, որ նրա հնարավորություններն այժմ սահմանափակ են հաջորդ ԱԺ-ում տեղ զբաղեցնելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31