«Կառավարության ծրագրային դրույթներում բարեփոխումների սկզբունք կար՝ սկսած գնումների գործընթացից, վերջացրած մաքսային-հարկային աշխատակիցների բարեփոխվելու գործընթացը: Կառավարության ծրագիրը հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին երկու ծրագրային ելույթների վրա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կառավարության ծրագիրն այսպես ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա ասաց, որ հավակնոտ ծրագիրը, պարտավորեցնող, որովհետեւ հստակ մոտեցումներ են նշվել, թե ինչ եւ ինչպես պետք է անեն:
Հարցին՝ պետական ապարատը 20 տոկոսով կրճատելու մասին լուրեր կան, այս մասին քննարկվե՞լ է՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Խոսվում է այն կրճատումների մասին, օրինակ, կան բազմաթիվ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, որոնք տարիներ շարունակ ստեղծվել են եւ որեւէ գործառույթ չեն ունեցել: Դրանք պետք է օպտիմալացվեն: Այս խնդիրներին պետք է լուծում տան: Խոսվում է գնումների գործընթացի հստակեցման մասին՝ մեկ կենտրոնից: Խոսվում է որոշումներ կայացնելու ապակենտրոնացումից»:
Լրագրողների դիտարկմանը, որ նախորդ կառավարությունների ծրագրերն էլ էին հավակնոտ, նորից Սերժ Սարգսյանի ելույթների վրա հիմնված՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Եթե իշխանության մենք ենք եւ մեր կուսակցության ղեկավարն է նախագահ Սերժ Սարգսյանը, նրա ելույթների վրա էլ պետք է հիմնվեն նաեւ այս կառավարության ծրագրերը»:
Կարդացեք նաև
Հովհաննես Սահակյանը, հարցին՝ խոսվե՞ց պրիմիտիվ գողերին բռնելու մասին՝ պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել նիստում:
Վաղը կառավարության նիստում պետք է քննարկվի ծրագիրը, հինգշաբթի այն քննարկվելու է արդեն ԱԺ-ում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ