Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բերդի պատանիները՝ Թումո Դիլիջանում

Հոկտեմբեր 18,2016 13:16

Սահմանապահ Բերդ քաղաքի տասնհինգ պատանիներ հնարավորություն ստացան մի ամբողջ տարի մասնակցել Թումո Դիլիջանի կրթական ծրագրին` շնորհիվ Բերդի տարածաշրջանի կանանց ռեսուրսային կենտրոն-հիմնադրամի Անահիտ Բադալյանի և Հայրենիքի զարգացման հիմնադրամի Թիմըթի Սթրեյթի նախաձեռնած դրամահավաք-ակցիայի:

Պատանիները գալիս են կենտրոն ամեն կիրակի՝ մասնակցելու Թումոյի կրթական ծրագրին ու իրենց համար լիովին նոր ոլորտներ բացահայտելու: Ուսանողների համար արդեն կազմակերպվել է հատուկ դասընթաց, որի շրջանակներում նրանք սկսել են իրենց կրթական ճանապարհը գրաֆիկական դիզայնի հիմունքներին ծանոթանալով:

Բերդի պատանիներից 15 տարեկան Լևոն Մելիքյանի պատկերացումն իր ապագա մասնագիտության մասին արդեն փոխվել է: «Նախկինում երբեք մտքովս չէր անցել, որ կարող եմ գրաֆիկական դիզայներ դառնալ, բայց այս դասընթացից հետո հետաքրքրվեցի դիզայնով ու կարծում եմ՝ կփորձեմ ավելին իմանալ դրա մասին»:

Նախաձեռնության հեղինակը՝ Անահիտը, ոգևորված է պատանիներին տրված նոր հնարավորություններով՝ «Բերդը մայրաքաղաքից շատ հեռու է: Այն մեկուսացված շրջան է, ու Ադրբեջանի հետ ամենաերկար սահմաններից մեկը: Շատ կարևոր է զարգացնել տեղացի երիտասարդների մտածողությունն ու պատրաստել իրենց ապագային: Այստեղի պատանիները միշտ փնտրում են նոր նախագծեր ու զբաղմունքներ, որոնք կարող են իրենց ոգևորել: Մենք էլ չէինք կարող իրենց Թումո հասցնելու մի հնար չգտնել»:

tumo-2

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը պատանիների Թումո հաճախելը միայն սկիզբ է համարում: «Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ Բերդի երիտասարդները Թումո են գալիս, բայց սա մեզ համար ընտիր օրինակ է ավելի աշխատելու ու ավելի մեծ քանակությամբ պատանիների Թումո հասցնելու համար: Մենք արդեն մտածում ենք հաջորդ քայլի մասին»:

Բայց եզրափակիչ խոսքը տրվում է 13 տարեկան Սոնա Փալանդուզյանին՝ «Այնքան էի լսել Թումոյի մասին, բայց մեկ է՝ երբ ինքս եկա դասի, լիովին ուրիշ էր: Շատ ուրախ եմ այս հնարավորության համար, այնպես որ, ամեն ինչ կանեմ որ այն արդարացնեմ»:

Դրամահավաք-արշավն իր նպատակին հասավ մեկ շաբաթում, բայց կազմակերպիչները ավելին են ձգտում՝ փորձելով հնարավորինս շատ պատանիների ամեն շաբաթ Թումո հասցնել: Բացի դրանից, ցանկացած հավելյալ գումար կուղղվի հեռավոր շրջաններում ապրող պատանիների այցելել Թումոյի չորս կենտրոններից որևէ մեկը: Նախաձեռնությանը միանալու ու Հայաստանի երիտասարդներին արժանի կրթություն տալուն աջակցելու համար անցեք այս հղմամբ՝ https://www.generosity.com/education-fundraising/bus-tickets-to-tumo:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում 12-ից 18 տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Կենտրոնն ունի չորս հիմնական ոլորտ՝ անիմացիա, կայքերի մշակում, խաղերի ստեղծում և ֆիլմերի ստեղծում, ինչպես նաև ինը լրացուցիչ հմտություններ, ինչպիսիք են եռաչափ մոդելավորումը, ռոբոտաշինությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: Կենտրոնը գործում է Երևանում, Դիլիջանում, ինչպես նաև Գյումրիում և Ստեփանակերտում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31