«Հոգեւորականներն ասում են, մահը մեկնաբանում են, որ դա նշանակում է մարդ՝ առանց հոգու: Հիմա մահացած է այս ընտրական օրենսգիրքը, որովհետեւ Սահմանադրության ոգին այստեղ չկա»,- ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ Ընտրական օրենսգրքի մահը նկարագրեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ այս ընտրական օրենսգիրքը անհատ շարժիչների մասին է, մարդիկ, որոնք ունեն ազդեցություն, իրենցով ենք մենք առաջ գնալու: Քաղաքական գաղափարախոսությունն իսպառ հանվել է այս նախագծով. «Պատկերացնենք, թե Թեւան Պողոսյանն իր հետին մտքում ունի Կոմունիստական գաղափարախոսություն, ինչ անեմ, որ այդ գաղափարախոսությունը հաղթի՝ այս օրենսգրքով: Պետք է գնամ տեղամասեր, գտնեմ ինչ-որ անհատներ, որոնք թաղերում, այդ տեղամասերում ունեն ընկեր-ախպեր-բարեկամ-ծանոթ-խնամի ազդեցություն, խոսեն, որ եկեք լավ տղաներով այսպիսի բան անենք, գանք իշխանության, դրանից հետո նոր բերենք մեր գաղափարախոսությունը: Չկա տեսլականների պայքար, ու մեզ մոտ լինելու է այդ տղաների որս: Այդ տղաներով են ամեն ինչ անելու»:
Նա իր ելույթի վերջում հայտարարեց. «Հողը թեթեւ լինի այս օրենսգրքին եւ մեր ընտրական համակարգին»:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը մահացավ՝ դեռ չծնված՝ նա պատասխանեց. «Որտե՞ղ մահացավ, վթարի՞ ենթարկվեց»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ համաձայն չէ, որովհետեւ եթե ուզում են մահանա՝ ամեն ինչ կարող են անել, որ մահանա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ