Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վարչապետը պետք է սկսեր հենց իրենից, որովհետեւ իր փեսան փոխնախարար է». Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 18,2016 13:04

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը հակասություն է տեսնում վարչապետ Կարեն Կարապետյանի նախորդ շաբաթ կատարած հանձնարարականում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց հանրակրթական հաստատություններում վերջ դնել «մայր ու աղջիկ» ղեկավարելու ավանդույթին: 

«Այն, ինչ վարչապետն ասաց, դրա փոխարեն կարող էր ասել՝ այո՛, օբյեկտիվ պատճառներով կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել հարս, ընկեր, փեսա, քույր ազգակցական կապից, բոլորս էլ երեք քայլից այն կողմ իրար հետ անպայման որեւէ կարգավիճակ ունենք, բացառել դա հնարավոր չէ:

Վարչապետը պետք է սկսեր հենց իրենից, որովհետեւ իր փեսան փոխնախարար է ու հայտարարեր, որ անկախ նրանից՝ ձեր կոլեկտիվում ովքեր են աշխատում, ես խստորեն հանձնարարում եմ՝ ոչ մի արտոնյալ վիճակ նրանք չպետք է ունենան: Կառավարման արդարացի սկզբունքները պետք է պահպանվեն: Ձեր բարեկամներին աշխատանքի ընդունելու հաշվին գործը չպետք է տուժի: Վայ նրան, եթե հայտնաբերվի, որ այս ինչի բարեկամը արտոնյալ վիճակ ունի այդ կազմակերպությունում: Եթե նման հայտարարություն ու հանձնարարական տար, ես դա կհասկանայի ու կողջունեի»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Բախշյանը:

baxshyan

Նա պատահական չի համարում վարչապետի այդ հանձնարարականը. «Վարչապետը մտահոգություն ունի, բայց դրա ուղղվածությունը սխալ ուղղությամբ գնաց:

Ուղերձը սխալ ուղղությամբ գնաց, ցանկացած տնօրեն հիմա կարող է ասել՝ ձեզ, ԱԺ նախագահին կարելի է ազգականների աշխատանքի տեղավորել, ինձ չի՞ կարելի: Այս հարցի պատասխանը պետք է տրվեր կառավարությունում, այո՛, կարելի է, ոչ մի օրենքով ոչ մեկ չի կարող սահմանափակել մարդու աշխատանք ունենալու իրավունքը, բայց այդ նշանակումները չպետք է ստեղծեն արտոնյալ վիճակ կամ շահերի բախում: Սա պետք է ասեր»:

Տիկին Բախշյանի համոզմամբ, մարդու իրավունքների կոպիտ խախտում կլինի, եթե օրենքով ամրագրեն, որ ազգականները չեն կարող նույն տեղում աշխատել. «Վարչապետն էլ է տեսնում, որ մասնավորապես ԿԳ ոլորտում կադրային սխալ քաղաքականություն է գնում, պատահական մարդիկ այս ոլորտում շատ են: Կան տնօրեններ, որոնք ունեն մի քանի տարվա մանկավարժական ստաժի հավաստագրեր, բայց առանց մարզպետի քիմքին հարմարեցնելու՝ չեն կարող լինել դպրոցի տնօրեն: Մեր դպրոցների տնօրենները հլու կամակատար անձինք են, որովհետեւ ունեն դաբրոն, որովհետեւ եթե չունենային, չէին հայտնվի այդտեղ: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում, հասարակագիտության առարկայի ուսուցչուհին ազատամարտիկ է, հանրապետական, բայց չի կարողանում դառնալ տնօրեն՝ ունենալով մանկավարժական ստաժի հավաստագիր, որովհետեւ այդ կինը օրենքներն իմացող ու ընդվզող մարդ է. գյուղապետը հայտարարել է, թե դու չես լինի տնօրեն, իմ ընկերը պետք է լինի, իսկ ընկերը մանկավարժական ստաժ չունի, պատահական մարդ է»:

Վարչապետի ցանկությունը իրողություն կդառնա՞, թե՞ կմնա սոսկ ցանկություն հարցին, տիկին Բախշյանը պատասխանեց. «Ցանկությունն էլ չձեւակերպեց, որ հասկանայի՝ ինչ ցանկություն է, մի երկուսի գլխին կջարդեն, բայց դրանով կավարտվի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31