Հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատի կողմից մեծ դժվարությամբ ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մի տեսակ աննկատ մնաց ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանի լրատվական դաշտի համար, մինչդեռ այն շուրջ մեկուկես տասնամյակ շարունակվող պայքարի օրինաչափ ու տրամաբանական ավարտն է։
Ընդամենը 10 ձայնի տարբերությամբ՝ 156 կողմ եւ 146 դեմ, ընդունված օրինագիծը փաստորեն դժվարությամբ անցավ մի պատճառով. թուրքական կողմը մեծածավալ աշխատանք էր կատարել սենատորների շրջանում։
Բանն այն է, որ օրինագիծը մինչ այդ՝ հուլիսի 1-ին, հաստատել էր նաեւ Ֆրանսիայի խորհրդարանը, ուստի ընդունվելուց հետո թուրքերին մնում է միայն մի տարբերակ՝ հավաքել 60 սենատորի ստորագրություն եւ կրկին դիմել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին։ Մնացած բոլոր տարբերակները փաստորեն փակ են, բայց այս մեկն էլ լուրջ կասկածներ է հարուցում։
Այս անգամ օրինագիծը կազմելիս հաշվի են առնվել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից 2012թ. ընդունված հայտնի որոշման մեջ առկա ցեղասպանության ժխտման քրեականացման՝ խոսքի ազատության սկզբունքի հետ ունեցած հակասությունները։
Այդ նպատակով օրինագիծն անցկացվել է Ֆրանսիայի «Հավասարություն ու քաղաքացիություն» օրենքի մեջ փոփոխություններ կատարելու ճանապարհով։ Այն վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանություններին, այդ թվում՝ նաեւ 2001-ին պաշտոնապես ճանաչված Հայոց ցեղասպանությանը։ Այսինքն՝ սա նուրբ աշխատանք է, որի իրականացումը թույլ է տվել պատիժ սահմանել մարդկության դեմ գործված բոլոր ցեղասպանությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
Կարդացեք նաև
Ինչպես Ֆրանսիայի Սենատի կայքում նշել է ֆրանսիացի սենատոր Բրիջիթ Կոնտիե Մորեն, 2016թ. հուլիսին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից «Հավասարություն եւ քաղաքացիություն» օրենքում ընդունված փոփոխությունները, որոնցով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության համար, թույլ են տվել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հարցը «դուրս բերել խոսքի ազատությանն առնչվող խնդիրների հետ բախումից, որոնք 2012թ. փետրվարին նշվել են Սահմանադրական խորհրդի կողմից»։
Բացի ֆրանսիական սենատորի նշած հանգամանքից, հարցի նրբությունը նաեւ այն է, որ այս անգամ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածը ներառված է մարդկության դեմ գործված բոլոր ցեղասպանությունները ժխտելու համար պատիժ սահմանող կոնկրետ հոդվածի մեջ։ Այսինքն՝ հարցը ներառված է այնպիսի ընդհանուր փաթեթում, որ խիստ դժվարանում է առանձին վերցրած Հայոց ցեղասպանությունը ժխտելու կետը հանելու նպատակ ունեցող լոբբինգի իրականացումը։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում