Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռազմական դաշինքի եւ ռազմավարական դաշնակցի անլուրջը

Հոկտեմբեր 18,2016 22:00

Ռազմական դաշինքները մարդկությանը հայտնի են այն ժամանակներից, երբ ստեղծվեցին պետությունները: Եվ պատմությունն արձանագրել է բազմապիսի դաշինքներ՝ արդարացված, չարդարացված, հաջողված, չհաջողված եւ այլն: Բայց հազվադեպ է լինում, երբ դաշինքը լինում է պարզապես անլուրջ, իսկ դաշնակիցը, որն իրեն կոչում է «ռազմավարական», էլ ավելի անլուրջ, իսկ այդպիսի «դաշնակից» ունենալուց այլեւս թշնամի պետք չէ:

Եվ ահա, Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները որոշել են, որ մենք հենց «ռազմավարական դաշնակից» ենք, մի բան էլ ավելին. Ռուսաստանը ստեղծել է նախկին հետխորհրդային երկրներից բաղկացած ռազմական դաշինք, եւ այն կոչվեց ՀԱՊԿ, որն էլ որոշեց Երեւանում գագաթնաժողով անցկացնել:

Թե ինչ ստացվեց այս ամենից՝ առաջինը գրեց ռուսական իշխանական մամուլը, եւ գրեց, որ ըստ էության ոչինչ էլ չստացվեց: Մանրամասները չկրկնենք, դրա կարիքը չկա: Ինչպես չկա կարիքը կրկնելու հիմնավորումներն առ այն, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը ոչ միայն տարածաշրջանում եւ միջազգային թատերաբեմում չեն համընկնում, այլեւ փոխբացառող են օբյեկտիվորեն եւ հիմնովին:

Ամբողջ խնդիրն այն է, որ չստացվելուց որեւէ հետեւություն Մոսկվան եւ Երեւանը չարեցին եւ, ըստ ամենայնի, հազիվ էլ անեն: Խոսքը մտածելու ունակության մասին չէ, այլ գործնական հետեւություններ անելու անկարողության: Դա էլ իր հերթին ի՛ր պատճառներն ունի:

Պաշտոնական Երեւանի համար իրավիճակից բխող ցանկացած համարժեք գործնական հետեւություն քայլ է դեպի անորոշություն եւ ոչ այնքան արտաքին քաղաքական, որքան ներքաղաքական առումով: Իսկ եթե ավելի ճշգրիտ, ապա միանգամից հարցականի տակ է դրվում ինքնավերարտադրության բոլոր մեխանիզմների կենսունակությունը: Դրա հետեւանքով լուրջ հարցականի տակ են դրվում կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգի բոլոր դիրքերը: Հետեւաբար դա բացառում է, որ Երեւանն ինքը կբարձրաձայնի այդ՝ շատ գործնական հետեւությունները, քանզի, մեղմ եւ կարճ ասած, քաղաքական ինքնասպանություն գործելու որեւէ հիմքեր չունի: Դրան էլ գումարած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործոնը:

Պաշտոնական Մոսկվան նույնպես չի կարող իրեն թույլ տալ համանման գործնական հետեւություններ նույն պատճառներով: Բայց ոչ միայն: Մոսկվայի «քարը» շատ ավելի ծանր է եւ ոչ միայն ներսում, այլեւ աշխարհում ընդհանրապես՝ Սիրիա, Ուկրաինա, միջազգային պատժամիջոցներ, Միջազգային քրեական դատարան, Լոնդոնյան միջուկային ահաբեկչություն (Լիտվինենկոյի գործը), միջազգային կազմակերպված հանցավորության հետ կապեր (իսպանական դատախազության մեղադրանքը) եւ այլն: Եվ Մոսկվան դիմադրում է այս ամենին միանգամից՝ ներսում բացատրելով, թե սկսում է «վեր կենալ ծնկներից», իսկ աշխարհին միջուկային շանտաժի ենթարկելով փորձում է պարտադրել Յալթա-2, այսինքն՝ ազդեցության գոտիների նոր բաժանում, Սառը պատերազմի արդյունքների վերանայում, Ռուսաստանի բացառիկ շահերի եւ գերիշխանության ճանաչում հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հայաստանում:
Իհարկե, ակնհայտ է, որ նույնիսկ ԽՍՀՄ-ը չդիմացավ, եւ նախորդ դարի 40-ականներին Յալթա-Պոտսդամյան բաժանարար գծերը, պատերը եւ փշալարերը փլուզվեցին Մոսկվայի գլխին: Բայց ինչպե՞ս դա բացատրել Պուտինին, երբ նա որեւէ ցանկություն չունի դա հասկանալու: Իսկ չունի, որովհետեւ «Եվրասիական միություն» նեոկայսերական այս պրոյեկտը դարձել է նրա բռնապետության վերջին հանգրվանը:

Իսկ արդյունքում Մոսկվային եւ Երեւանին մնում է միայն զարկ տալ քարոզչությանը: Նրանք փորձելու են պատմել, թե ինչ հաջողություններ է արձանագրում Եվրասիական տնտեսական միությունում Երեւանը, իսկ Ռուսաստանը «շուտով կսկսի» կրկին զարգանալ, թե ինչպես են Մոսկվայի «թշնամիները» փորձում խոչընդոտել այդ գործին, բայց պատժամիջոցները «չեն ազդում», «Իսկանդեր» հրթիռներ ման տալ փողոցներում, Ռուսաստանում եւ Հայաստանում անկապ հավաքներ նախաձեռնել եւ այլն:
Այս ամենն այլեւս կենսունակ չէ եւ ընդհանրապես՝ ուղղակի անլուրջ է:
Անշուշտ, Հայաստանն ուներ պատշաճ ռեսուրս այս ամենը թույլ չտալու համար եւ այդ ռեսուրսն օգտագործելու փոխարեն այն նվիրաբերում էր Մոսկվային՝ հանուն «դարավոր բարեկամության»: Եվ այսօր Երեւանի քայլերը եւ պահվածքը պարտադրված են անցյալի սխալներով եւ ներկայիս ճնշումներին չդիմանալու մտավախությամբ: Իսկ նման իրավիճակում «եվրասիական օգուտների» թեմաներով աչքակապությունը, ներքաղաքական փոփոխություններն իմիտացիոն հունի մեջ պահելու ֆոնին նույնպես անլուրջ են:

Իսկ ինչ վերաբերում է Մոսկվային… Ռուսական կայսր Նիկոլայ Առաջինը, որին դեկաբրիստները «Պալկին» էին անվանել, 1848-49 թվականների հունգարական ապստամբությունը ճնշեց՝ նվեր մատուցելով Ավստրո-Հունգարական կայսրությանը: Նա այնտեղ մեծ զորք ուղարկեց՝ ֆելդմարշալ, Վարշավայի իշխան, կոմս Պասկեւիչ-Էրիվանսկիի հրամանատարությամբ: Դրանից հետո ռուսների փրկված Հաբսբուրգների կայսրությունը պիտի փլուզվեր միայն շուրջ 70 տարի անց: Իսկ երբ 1853թ. Ռուսաստանը ներքաշվեց կործանարար Ղրիմյան պատերազմի մեջ եւ Վիեննայից աջակցություն խնդրեց, ասում են, որ Ավստրո-Հունգարիայի արտաքին քաղաքականության ճարտարապետ Կլեմենս Մետեռնիխը բացականչել է. «Մենք մեր անշնորհակալությամբ դեռ կզարմացնենք Եվրոպային»: Չմոռանանք հիշեցնել, որ ճորտատիրությունը Ռուսաստանում վերացավ, երբ Ռուսաստանը պարտվեց Ղրիմյան պատերազմում, եւ անբախտ «Պալկինի» որդին՝ Ալեքսանդրը, հասկացավ, որ դարաշրջան է փոխվել…
Անլուրջ միությունները եւ դաշինքները չեն կարող մնալ անպատիժ: Դրանք անլուրջ են, երբ կազմավորվում են իրական շահերին հակառակ: Պատիժն էլ միանգամից չի գալիս, այլ հետաձգված, ինչպես ասում են՝ «մի գեղեցիկ օր»:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

18.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Երեկ էլ այսպիսի երկարաշունչ հոդված էր գրել Ստյոպա Սաֆարյանը:Քննադատում եք,գուցե ճիշտեք,բայց որևէ առաջարկություն չեք անում՝ում հետ դաշինք կազմել,կազմել,թե ոչ,մեր հարցերը ինքնուրույն լուծել,թե?…:ՆԱՏՕ-ին միանալ չենք կարող,թեկուզ այն պարզ պատճառով,որ Իրանը մեզ չի հասկանա՝դա կլինի հարված նրա թիկունքին և մենք ձեռք կբերենք ևս մեկ հակառակորդ և ևս մեկ փակ ճանապարհ:Մյուս կողմից էլ,գուցէ ՌԴ-ն հենց այդ է ուզում՝խզել հարաբերությունները ՀՀ-ի հետ և իր գիրկը առնել Ադրբեջանին՝որը իր համար առավել շահավետ է:Այս տարբերակի հետևանքները,հուսով եմ պատկերացնում եք,որն է լինելու՝նորացված 1920թ.:Ամն-ն ու Եվրոպան մեզ կօգնեն ինչպես այն ժամանակ՝նրանց նավերը մեր լեռներ չեն կարողանա բարձրանալ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31