Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորված կոլեգիայի նիստ Երևանում

Հոկտեմբեր 18,2016 00:07

Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:

«Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը դիմավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ռուս գործընկերների պատվիրակությունը երևանյան այցը սկսեց Ծիծեռնակաբերդից, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այցելեցին Ցեղասպանության թանգարան, ինչպես և խորհրդանշական եղևնի տնկեցին հուշահամալիրի ծառուղում:

Այնուհետև Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկու գերատեսչությունների Միավորված կոլեգիայի նիստը բացվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի նախագահությամբ:

kolokolcev_47

Մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ու Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունից, գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր, ինչպես և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցատեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովը:
Միավորված կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը:

Ողջունելով Միավորված կոլեգիայի անդամներին ու նիստի մասնակիցներին՝ Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, նշեց. «Միավորված կոլեգիան շարունակում է մեր գերատեսչությունների կառուցվածքային ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացման կարևոր մեխանիզմ մնալ հանցավորության դեմ պայքարում, քանի որ նրա շրջանակում քննարկվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ու խնդիրների ողջ սպեկտրը, ճշտվում են դիրքորոշումներն ու համատեղ մշակվում կոնկրետ քայլեր՝ ինչպես մեր պետություններում քրեածին իրավիճակի բարելավման, այնպես էլ արդի մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի գործում:

Բացառություն չէ նաև Միավորված կոլեգիայի այսօրվա նիստը, որի ընթացքում կդիտարկվեն հետախուզման ոլորտում երկու գերատեսչությունների համագործակցությանն ու Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական ստորաբաժանումների փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Կարծում եմ, որ ելույթ ունեցողները առավելագույնս մանրամասն կանդրադառնան առկա հիմնախնդիրներին և կոնկրետ առաջարկներ կանեն մեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված կառուցողական միջոցների մշակման վերաբերյալ:

Ցանկանում եմ կառուցողական աշխատանք մաղթել բոլորիս և վստահություն հայտնել, որ Միավորված կոլեգիայի այսօրվա նիստն ու մեր ընդունած որոշումները նոր մակարդակի կբարձրացնեն մեր համագործակցությունը»:

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ընդգծեց երկու գերատեսչությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը հանցավորության դեմ պայքարում. «Դա հատկապես հրատապ է արդի պայմաններում՝ կապված քրեական մարտահրավերների ուժգնացման հետ: Խոսքն առաջին հերթին միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, ապօրինի միգրացիայի, թմրամիջոցների ու զենքի անօրինական շրջանառության, մարդկանց առևտրի մասին է:

Ռուսաստանում և Հայաստանում օպերատիվ իրավիճակի բոլոր տարբերություններով հանդերձ՝ նշված մարտահրավերները հավասարապես վտանգավոր են մեր պետությունների համար: Այս սպառնալիքներին հակազդելու և երկու երկրների տարածքներում իրավակարգի ապահովման գործում հանգուցային դեր ունեն մեր գերատեսչությունները, որոնց համագործակցությունը էականորեն ամրապնդվել է վերջին տարիներին: Այսօր այն հիմնվում է ամուր միջազգային իրավական հենքի վրա, ակտիվորեն գործում ինչպես երկկողմ , այնպես էլ բազմակողմ հիմքերով: Մենք արդյունավետ համագործակցում ենք տարբեր հարթակներում, նախևառաջ՝ Միավորված կոլեգիայի ու ՀԱՊԿ ձևաչափերով: Իրավապահ ոլորտում համագործակցության ամրապնդման լրացուցիչ հնարավորություններ բացվեցին Եվրասիական միությանը Հայաստանի միանալուց հետո: Նման ծավալուն նախագծի իրականացումն, անշուշտ, ավելի բարդ ու պատասխանատու խնդիրներ է դնում անդամ պետությունների առաջ, որոնց լուծումը պահանջում է բոլոր ոստիկանական գերատեսչությունների ջանքերի միավորում: Համոզված եմ, որ այս պայմաններում մեր երկկողմանի համագործակցության նշանակությունը միայն աճելու է: Միավորված կոլեգիայի ձևաչափով համատեղ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ այն ոչ փոքրաթիվ խնդիրների արդյունավետ լուծման լավագույն միջոցն է»:
Միավորված կոլեգիայի նիստի օրակարգում երեք հարց էր:
Հետախուզման ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ համագործակցության մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը և Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գոլովանովը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական ստորաբաժանումների փոխգործակցության հեռանկարներն իրենց զեկույցներում ներկայացրին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը և «Ռուսաստանի ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոն» դաշնային պետական հաստատության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Պյոտր Գրիշինը:
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2017 թվականի աշխատանքային պլանի նախագծի վերաբերյալ զեկուցեց ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը:

Քննարկումների արդյունքներով օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ և ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր:
Միավորված կոլեգիայի երևանյան նիստի արդյունքներն ամփոփեցին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Նիստի մասնակիցներին շնորհակալություն հայտնելով արդյունավետ ու կառուցողական աշխատանքի համար ՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց.«Հարկ է նկատել, որ նիստի ընթացքում քննության առնված հիմնահարցերի լուծման համար անհրաժեշտ է տքնաջան և մանրակրկիտ, հետևողական աշխատանք: Միավորված կոլեգիայի ընդունած որոշումները, անկասկած, նոր ազդակ կլինեն դիտարկվող ոլորտներում օպերատիվ համագործակցության և աշխատանքների արդյունավետության բարձրացման համար:
Դրա հետ մեկտեղ, ցանկանում եմ նշել, որ հասարակական զարգացումների գործընթացով պայմանավորված՝ ոչ պակաս արագությամբ փոխակերպվում է նաև հանցավորությունը՝ օգտագործելով գիտատեխնիկական առաջընթացի նվաճումները: Դա իր հետքն է թողնում հանցավորության ձևերի, ծավալների փոփոխության, անհատի, հասարակության և պետության համար նրա վտանգավորության վրա:

Այդ գործընթացները լիարժեք վերաբերում են ահաբեկչությանը, թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, մարդկանց առևտրին, կիբերհանցավորությանը, անօրինական միգրացիային և հանցավորության այլ վտանգավոր դրսևորումների:
Գիտակցելով նշված սպառնալիքների վտանգավորությունը՝ չափազանց կարևոր է օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը քրեական ուղղվածություն ունեցող հանցավորության դեմ պայքարում, հատկապես նրա օպերատիվ բաղադրիչի շրջանակում՝ ընդհանուր գնահատականի, միասնական քաղաքականության և համատեղ գործողությունների կազմակերպչական հիմունքների մշակման համար:
Համոզված եմ, որ այս դիրքորոշումն առաջնահերթ է նաև Ռուսաստանի ՆԳ նախարարության համար: Պատահական չէ, որ Միավորված կոլեգիայի հաջորդ նիստի աշխատանքային պլանում ընդգրկել ենք հենց այդ հարցերը»:

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստի ավարտից հետո Վլադիմիր Գասպարյանն ու Վլադիմիր Կոլոկոլցևը պատասխանեցին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31