Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մեղավոր 3.5 տոննա պանիր հորելու համար

Հոկտեմբեր 17,2016 23:35

Հայտնել ենք, որ 2016թ. հուլիսին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի տարածքում հորել են 3,5 տոննա պանիր: «ԷկոՏավուշ» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Գեւորգյանը մեզ հայտնել է, թե պանիրը կարող էր վտանգ ներկայացնել սպառողների առողջությանը,դրա հորման հետ կապված հարցերը պետք է տալ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի նախկին տնօրեն Ռոբերտ Նավասարդյանին եւ պանրագործ Վարազդատին, ովքեր պանրի փչացման պատճառով ազատվել են աշխատանքից: Ռ. Նավասարդյանը եւ պանրագործ Վարազդատ Պապյանը այդ առթիվ մեզ պարզաբանումներ տվեցին:

img_0290 img_0294

Ռ. Նավասարդյանը պատմեց, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2011թ. , այդ ժամանակ ինքը նշանակվել է հիմնադրամի կոմերցիայի եւ բիզնեսի գծով տնօրեն, Սարիգյուղի սարերում, որպես ձմռան անասնակեր, պատրաստել են 3000 հակ խոտ, այդ տարի Դանիայից բերել են «Ջերսեյ» տեսակի 80 կով, պահել Լուսաձորի անասնապահական հին ֆերմայում: Նա գերազանց է գնահատում հիմնադրամի կատարած գործերը ՝ Լուսաձորի անասնապահական ֆերմայի, Այգեհովտի ոռոգման ջրանցքի, Տավուշի մարզում 7 փոքր ֆերմաների ստեղծումը: Նրա խոսքերով՝ խնդիրներ առաջացան 2015թ. օգոստոսին, երբ Ֆրանսիայից ժամանեց  Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն Սուրեն Գեւորգյանի կինը՝ Հասմիկ Գեւորգյանը:

Ռ. Նավասարդյանն ասաց. «Հասմիկ Գեւորգյանին կանչել էին, որպեսզի մարկետինգով զբաղվի, սակայն նա ամեն ինչով զբաղվել է, բացի մարկետինգից: Նա ավարտել է երաժշտական ուսումնարան: Հասմիկը  գալու առաջին օրն ինձ ասել է՝ պանրի արտադրամասի հետ գործ չունես»: 57-ամյա Վարազդատ Պապյանը, ով պանրագործի 42 տարվա փորձ ունի, ասաց. «Հասմիկ Գեւորգյանն եկավ, սկսեց ուրիշ , ֆրանսիական պանիրներ պատրաստել: Կաթնասեր սարքեցին, որը պետք է 24 ժամվա ընթացքում իրացվեր, դիտավորյալ ուզում էր,որ մենք սարքենք, փչանա: Իջեւանում խանութ ունեինք, դրա հերն էլ անիծեց: Պանիրը դիտավորյալ փչացրին»: Նա Հ. Գեւորգյանի ոչ մասնագիտական գործողությունների մասին ասաց. « Քլորը բերել, լցրել էր հատակին, իբր ինֆեկցիա է անում: Նրան ասում եմ՝ կաթը ներքաշող հատկություն ունի, հիմա քլորի հոտը կփոխանցվի: Բերել, տազիկներ էր դրել, որ աշխատողները մինչ արտադրամաս մտնելը սապոգները մաքրեին«:

Վ. Պապյանը եւ Ռ. Նավասարդյանն ասացին, որ հիմնադրամի Իջեւանի ֆիրմային խանութը  գործել է 2015թ. մարտի վերջից: Այն իջեւանցիների շրջանում բարի համբավ ուներ, օրական 100 հազար դրամի կաթնամթերք էր վաճառում: Ռ. Նավասարդյանին Անկախության փողոցում 3 սենյականոց ծառայողական բնակարան էր տրվել, նա այդ հարմարավետ բնակարանից հրաժարվել է, 3 սենյականոց բնակարան վերցրել նույն փողոցում:

Դրա 2 սենյակը տվել է ֆիրմային խանութին, ինքը բնակվել է փոքր խցում: Ռ.Նավասարդյանն ասաց,որ նման  զրկանքներ կրել է, որպեսզի խանութը հաջողություն ունենա: Խանութի վաճառող Վիկտոր Հովհաննիսյանը հերքեց Հասմիկ Գեւորգյանի  ասածները, թե ինքը խանութում նաեւ այլոց արտադրած կաթնամթերք էր վաճառում: Նա հայտնեց. որ ինքը միայն Լուսաձորի ֆերմայի կաթնամթերքն է իրացրել, դրա հետ՝ վերմիշել մակարոն : Նրա վկայությամբ՝ ինքը հաճախ գնացել է Լուսաձորի ֆերմա կաթ, կաթնամթերք բերելու, սակայն ասել են՝ ապրանք չկա: Վ. Հովհաննիսյանի վկայությամբ՝ առաջարկել է, որ ինքը Լուսաձորի ֆերմայում կուտակված պանիրը խմբաքանակներով փոքր-ինչ էժան գնով իրացնի , սակայն մերժում է ստացել,ասել են ՝ պանիրը պիտանի չէ:

Ռ. Նավասարդյանը 2016թ. մայիսի 28-ին դիմում է գրել «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանին, հայտնելով, որ Հ. Գեւորգյանի գալուց հետո Լուսաձորի ֆերմայում անառողջ մթնոլորտ է, խնդրել է իրեն ժամանակավորապես ազատել աշխատանքից: 2 օր հետո Երեւանում հիմնադրամի խորհրդի 3 անդամներ որոշել են նրան ընդհանրապես ազատել աշխատանքից: Նավասարդյանին առաջարկել են ազատման դիմում գրել, նա ստացել է նաեւ դրամական փոխհատուցում: Նույն անառողջ մթնոլորտի պատճառով պանրագործ Վ. Պապյանը 2016թ փետրվարին արձակուրդ է վերցրել , դրանից հետո աշխատանքից ազատման դիմում գրել: Նա հիմա Պենզայում պանրագործ է աշխատում, Ռուսաստանի բազում քաղաքներից աշխատանքի հրապուրիչ առաջարկներ ունի:

Նավասարդյանը եւ Պապյանը հերքում են, որ պանրի փչացման, հորման հետ կապ ունեն, քանզի Նավասարդյանը 2015-ի օգոստոսից պանրի արտադրամս չի մտել, Վ. Պապյանը 2016թ. գարնանն է աշխատանքից ազատվել, իսկ պանիրը հորվել է հուլիսին: Պապյանի վկայությամբ՝ արտադրված պանիրը պարբերաբար Երեւանում որակի ստուգում էր անցնում, չէր կարող անորակ լինել: Ռ. Նավասարդյանի խոսքերով՝ ինքը լսել է, որ վերջերս Լուսաձորում պանրի էլի մեծ քանակություն է հորվել, սակայն ինքը չի կարող ստուգել լուրի հավաստիությունը:

Գյուղատնտեսության ոլորտում բացառիկ ներդրման համար 2015թ. փետրվարի 5-ին ՀՀ գյուղնախարարության ոսկե մեդալի արժանացած Ռ. Նավասարդյանը ցավում է, որ իր անունը կապել են պանրի փչացման հետ: Նա հայտնեց, որ Հասմիկ Գեւորգյանի հորեղբոր որդի Տիգրանը, ով Երեւանի քաղաքապետարանում վարորդ էր, վերջերս նշանակել է «ՀիմնաՏավուշի» փոխտնօրեն, Հրաչ Թումանյանը վերջերս ազատվել է «ՀիմնաՏավուշի տնօրենի պաշտոնից: Սուրեն Գեւորգյանը լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն,այժմ նաեւ «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, նրա կին Հասմիկը՝ «ԷկոՏավուշի» տնօրենը, վերջինիս հորեղբոր որդին՝ «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31