Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այսօր հնչեցրած որոշ մեղադրանքներին ասաց.
«Դա պարոն Բաբայանի կարծիք արտահայտելու իրավունքն է, անկախ նրա կարծիքից, մենք ունենք մեր կարծիքը: Մենք կարծում ենք՝ նոր սահմանադրական իրողությունների ժամանակ, զինվորական բարձրագույն պաշտոնյան, գխավոր շտաբի պետն է, գլխավոր շտաբի պետը բարձրաստիճան, պրոֆեսիոնալ եւ ուղի անցած զինվորական է՝ գեներալ Մովսես Հակոբյանը: Իսկ պաշտպանության նախարարի առջեւ, որը քաղաքացիական անձ է եւ քաղաքական պաշտոնյա է, ծառացած են ոչ պակաս կարեւորագույն հիմնախնդիրներ՝ դա ռազմաքաղաքական դիվանագիտությունն է, արտաքին եւ ներքին գնումների իրականացումն է, ռազմահայրենասիրական դաստիրակություն է, բանակ-ազգ խնդիրների լուծումն է: Զինված ուժերը ոչ թե բեռ, այլ որպես տնտեսության լոկոմոտիվ իրականացումն է, եւ ես համոզված եմ, պարոն Վիգեն Սարգսյանը մեր բոլորիս օժանդակությամբ կիրականացնի իր վրա դրված պարտականությունները: Իսկ Սամվել Բաբայանը, միգուցե, տարիներ անց վերանայի իր դիրքորոշումը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ