Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այսօր ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերում ներկայացրած կառավարության նախնական ծրագրի վերաբերյալ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չցանկացավ մանրամասներ հայտնել:
Պարոն Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրությունը ծրագրին կարող է ծանոթանալ առաջիկա օրերին, երբ այն կներկայացվի Ազգային ժողովի արտահերթ նիստերում, որոնք տեղի կունենան առաջիկա հինգշաբթի եւ ուրբաթ օրերին:
ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերին, ինչպես ասաց Շարմազանովը, ներկա էին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: «Ե՛ւ Հովիկ Աբրահամյանի, ե՛ւ Գագիկ Բեգլարյանի տրամադրությունները շատ բարձր էին, նրանք կառուցողական եւ արդյունավետ աշխատելու են մեր կազմում, նրանք մեր՝ ՀՀԿ թիմի առանցքային անդամներ են , մամուլի հրապարակումների հեքիաթներին մի հավատացեք»,- ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ-ն նախատեսում է Գագիկ Բեգլարյանին ՀՀԿ խորհրդի կազմից հանել:
Կարդացեք նաև
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին էլ պարոն Շարմազանովն ասաց՝ օրը կգա, բարին էլ հետը. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում անդամակցել այս կամ այն կուսակցությանը: Այն, որ Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչ է, եւ ղեկավարն էլ Սերժ Սարգսյանն է, նորություն չէ: Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելը կորոշեն ինքը եւ հանրապետության նախագահը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ