Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, դրանք վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս նիստերում քննարկվել է կառավարության նոր ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը: ԱԺ փոխխոսնակ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ ծրագիրը դեռեւս նախնական է, 1-2 օր դեռ ժամանակ կա այն քննարկելու եւ հաստատելու համար:
Պարոն Շարմազանովի փոխանցմամբ՝ կառավարության ծրագրի նախնական տարբերակում առկա առաջնահերթություններն են՝ տնտեսության, սոցիալական եւ արդարության խնդիրները, կրթության հիմնախնդիրներ, ազգային անվտանգության, ներքին եւ արտաքին անվտանգությունը, արդարության ամրապնդումը հասարակության մեջ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը, ինչպես ասաց պարոն Շարմազանովը, բխում է նախագահ Սարգսյանի ծրագրային դրույթներից եւ նրա՝ փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որոնք վերաբերում են սահմանադրական բարեփոխումներին եւ նոր իրողությանը.
«Որտեղ նախագահը մատնանշել է երկրում բարեփոխումների իրականցումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, եւ բնականաբար կառավարության ծրագիրը պետք ունենար ազդակներ, որոնք այդ ելույթից են բխում: Ծրագրի նախնական տարբերակում առաջնահերթություններից են՝ հանրային կյանքի բոլոր ոլորտները կարիք ունեն համակարգային բարեփոխումների: Ինչպես նախկինում, այս ծրագրում էլ լուրջ տեղ է հատկացվում ներքին եւ արտաքին անվտանգությանը, որոնք մեզ համար մնում են ամենաարդիականը: Եւ հաշվի առնելով, որ Հայաստանում անվտանգության եւ արտաքին քաղաքականության պատասխանատուն ՀՀ նախագահն է, այս կառավարություն էլ նախագահ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վստահությունն ունի, արտաքին քաղաքականութան եւ անվտանգության թեզերը վերցրել են նախագահի ծրագրային ելույթներից»:
Կարդացեք նաև
Ըստ Շարմազանովի, ծրագրով նախատեսվում է անվտանգության համակարգի արդիականացում եւ ամրապնդում, մարտահրավերների դիմակայում: Ծրագրի արտաքին քաղաքականության վերաբերյալ էլ, ՀՀԿ խոսնակն ասաց, որ շարունակելու են ՀՀ-ի գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը: ԼՂՀ հիմնահարցում, պարոն Շարմազանովի փոխանցմամբ՝ կառավարության ու քաղաքական ուժի կարծիքները հստակ են՝ քայլեր ձեռնարկել բանակցությունների միջոցով Մինսկի խմբի ձեւաչափով հասնել խնդրի արդարացի կարգավորմանը. «Մեր նպատակն է՝ Արցախի միջազգային ճանաչումը»:
Ծրագրով նախատեսված է տնտեսական բարեփոխումների խնդիրը: Պարոն Շարմազանովի խոսքերով՝ ծրագիրը երկար ռազմավարություն ունի, բայց իրավական առումով այս կառավարությունը պետք է գործի մինչեւ ապրիլյան ընտրությունները, ուստի շատ կոնկրետ է ամեն ինչ գրված. «Քայլեր ձեռնարկել,եւ ՀՀԿ-ն էլ ամեն ինչ անելու է, որպեսզի ներդրումային առողջ միջավայր ձեւավորվի՝ օգտագործելով հայ ազգի, սփյուռքահայության ամբողջ մտավոր եւ ֆինանսական ներուժը: Կարեւոր են սոցիալական հիմնախնդիրները: Ուզում եմ հատուկ նշել, կրթության որակի բարձրացման, կրթության խնդիրը մեզ համար ամենաառանցքային խնդիրներից մեկն է: Այս ծրագրում առանձնակի լուրջ ուշադրություն պետք է դարձվի մարզային եւ գյուղական դպրոցներին, որովհետեւ դիզբալանս կա մարզային եւ մայրաքաղաքի դպրոցներում: Կոռուպցիայի դեմ պայքարը եւս նախանշված է կառավարության ծրագրում: Կառավարությունը, քաղաքական մեծամասնության հետ միասին կիրականացնի օրենսդրական բարեփոխումներ այդ ուղղությամբ, եթե անհրաժեշտություն լինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ