Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում մեկնարկեց «Իտալերենը և ստեղծագործական միտքը» խորագրով երկօրյա միջոցառումը: «Իտալերեն լեզվի 16-րդ շաբաթը աշխարհում» ծրագիրը ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, նշվում է արդեն 16-րդ անգամ:
Ծրագրի նպատակն է իտալերենի տարածումը, որպես մշակութային լեզու և ուսանողների ներգրավումը այդ ամենին: Միջոցառման ընթացքում իր խոսքն ասաց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը, որն իր ներդրումն ունի ծրագրի զարգացման գործում:
«Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ, որոնք անցկացվելու են որևէ թեմայով և կրելու են կոնկրետ խորագիր: Միջոցառումները լինելու են շարունակական, և իտալերենով հետաքրքրվող ուսանողների թիվը, կարծում եմ, աստիճանաբար կաճի: Ասեմ մի ողջունելի փաստ ևս. Հայաստանը իտալերենով հետաքրքրվածների առումով գտնվում է աշխարհում 3-րդ տեղում», -նշեց տիկին Բաղդասարյանը:
Միջոցառմանը հրավիրված էին նաև պատվավոր հյուրեր Իտալիայից, ներկա էր ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին: Բոլորը խոսում էին իտալերեն, և մեր այն հարցին, թե ինչու չկար թարգմանիչ, Հասմիկ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք ենթադրում էինք, որ միջոցառմանը ներկա գտնվողները կհասկանային իտալերեն, այսինքն` ներկա կլինեին միայն այն մարդիկ, որոնք հետաքրքրված են իտալերենով: Հաջորդ անգամ անպայման հաշվի կառնեք նաեւ այդ հանգամանքը »: Միջոցառման ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները:
Տաթև ԿԱՐԱՊԵՏՅԱՆ