Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Ռուս–հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ընթացքում այս առիթով Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Արթուր Աթաևը նշեց. «Հայաստանը Ռուսաստանի համար դառնում է կարևոր աշխարհաքաղաքական հանգույց իր նպատակների իրագործման համար, մասնավորապես`ՀԱՊԿ-ի միջոցով խորհրդային կայսրության վերադարձը: Մյուս կողմից հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը` ավելի է բարձրանում Հայաստանի դերակատարությունը Ռուսաստանի համար, այն դառնում է առանձնահատուկ գործընկեր Ռուսաստանի համար»:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու ՀԱՊԿ-ի` որպես անվտանգության երաշխավոր գործունեությանը: Այնուհետև փաստեց. «Երկկողմանի համաձայնագիրը կնքված է Ռուսաստանի և Հայաստանի միջև, այլ ոչ թե Ռուսաստանի և ԼՂՀ-ի: Ու այս հարցում պետք է հաշվի առնել, որ դեռ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա դա պատերազմի ժամանակ օգնության ձևաչափ չէ, այլ տեխնոլոգիաների, փորձագետների փոխանակում է ենթադրում»:
Ալեքսանդր Սկակովն իր խոսքում նաև զգուշացրեց այն մասին, թե ինչ կարող է լինել, երբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատանան. «Աստված չանի, եթե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատանան, ապա դա երրորդ երկրները կօգտագործեն պատերազմական գործողություններ սկսելու համար»:
Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով այսպիսի համոզմունք հայտնեց. «Վաղ թե ուշ ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու է և լուծվելու է խաղաղ ճանապարհով, քանի որ բոլոր կողմերն էլ հասկանում են, որ լուծման միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է»:
Կարդացեք նաև
ՌԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովն անդրադարձավ Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու նկատեց. «Սպասել, որ Թուրքիան առաջիկայում ակտիվ կլինի Հարավային Կովկասում, սխալ կլինի, քանի որ Թուրքիան այլ արտաքին հետաքրքրություններ ունի: Նրա արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը Սիրիան, Իրաքն ու քրդերն են»:
Երևանից տեսակամուրջին մասնակից ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահ, ռազմական փորձագետ, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը, անդրադառնալով ՀԱՊԿ գործունեությանը, թվարկեց մի քանի խնդիրներ, օրինակ` այն, որ մինչև այժմ անդամ երկրների թիվը ոչ թե ավելացել է, այլ պակասել, ինչը լուրջ խնդիր է թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում. «ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է դարձել մտադրված, քանի որ դաշինքում է հայտնվել Ռուսաստանի պատճառով»:
Նա հիշեցրեց այն հանգամանքը, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին ու ասաց. «Ինձ ճիշտ հասկացեք. հայ երիտասարդին շատ դժվար է համոզել, որ ռուսական զենքը, որ կրակում է իր վրա, Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին, քանի որ բիզնես է անում, և եթե ՌԴ-ն չվաճառի, Ադրբեջանն այդ զենքը կգնի այլ պետությունից»:
Լուսանկարը` «Sputnik Արմենիա»-ի
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ