Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր ու աղջիկ»-ով ղեկավարվող դպրոցներն ու մանկապարտեզները

Հոկտեմբեր 17,2016 20:40

Տարիներ ի վեր մասնավորապես մայրաքաղաքի որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում տնօրենի պաշտոնը ժառանգաբար է անցնում` մորից աղջկան, սկեսուրից հարսին: Որոշ դպրոցներում էլ ազգակցական կապերով միաժամանակ են ղեկավարում:

Երեւանի կենտրոնում գործող Ալ.Պուշկինի անվան թիվ 8  ավագ դպրոցի տնօրենը Մարիետա Մատղաշյանն էր, որից պաշտոնն անցավ նրա դստերը` Նատալյա Ստեփանյանին, որը ներկայումս հիմնական դպրոցի տնօրենն է: Տիկին Մատղաշյանը այժմ վճարովի դպրոցն է ղեկավարում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց  հանրակրթական հաստատություններում վերջ դնել «մայր ու աղջիկ» ղեկավարելու ավանդույթին:

Այս երեւույթն արմատախիլ անելու համար, վարչապետը ԿԳ պատասխանատուներին մեկ շաբաթ ժամանակ էր տվել: Ըստ նրա, այդ հաստատություններում ազգակցական կապերը, հովանավորչությունը շահերի բախման են բերում:

Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենն է Լիանա Աշրաֆյանը, որը նախկին տնօրեն Հասմիկ Ղարիբյանի  դուստրն է:

Այս ավանդույթը չի շրջանցել նաեւ մարզերի դպրոցները: Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում երկար տարիներ Անահիտ Մանուկյանն է տնօրեն եղել, ապա կրթօջախի տնօրենի պաշտոնը ժառանգել է նրա դուստրը` Կարինե Սմբատյանը:

Թիվ 148 դպրոցի տնօրենը Հերմինե Դավթյանն է, որի եղբայրը նույն դպրոցում է աշխատում:

Մանկապարտեզներում նույնպես ազգակցական կապերով են ղեկավարվում: Արաբկիր համայնքում  գործող թիվ 30 մանկապարտեզը պետական է, բայց նույն շենքում գործում է մասնավոր մանկապարտեզ, որի տնօրենը պետական մանկապարտեզի տնօրենի մայրն է:

Թիվ 32 մանկապարտեզը նույնպես պետական է, այստեղ նաեւ տնօրենի մայրն է աշխատում, դուստրը տնօրենն է: Թիվ 33 մանկապարտեզը նույնպես պետական է, որի մի հատվածը մասնավոր մանկապարտեզ է: Աղջիկը պետականի տնօրենն է, մայրը նույն մանկապարտեզի պաշտոնից թոշակի գնացած եւ այժմ մասնավոր մանկապարտեզում է տնօրեն աշխատում:

Թիվ 31 մանկապարտեզում նույնպես մայր ու աղջիկ են աշխատում, մայրը` տնօրենն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31