Լրահոս
Օրվա լրահոսը

«Կախարդական փայտիկով արված գործ է». Վրեժ Խաչիկյանը՝ Սեւանի ՏԻՄ ընտրությունների մասին

Հոկտեմբեր 17,2016 19:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարչական դատարանը մերժեց Սեւանի արդեն նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հայցն ընդդեմ 24 ընտրատարածքի՝ անվավեր ճանաչել 155Ա, 162Ա եւ 163Ա որոշումները եւ հոկտեմբերի 2-ին Սեւանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:

Ռուդիկ Ղուկասյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայցվոր կողմը չէր ակնկալում, որ Վարչական դատարանը հայցադիմումը կբավարարեր, քանի որ տեսանյութում առկա փաստերը վերաբերվում էին մի քանի ընտրատեղամասի. «Բնականաբար, եթե մենք ունենայինք բոլոր տեղամասերինը կամ գոնե 12 տեղամասից 6-ինը, մենք նոր վարչական դատարան կստեղծեինք, եթե չբավարարեին մեր հայցադիմումը:

Սակայն բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ 2-3 տեղամասերում տեղի ունեցած միջադեպերը, ներկայացրած փաստերը ենթադրաբար նաեւ կարող էր ամբողջ տեղամասերում տեղի ունեցած լիներ: Կարծում եմ՝ դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ մի քանի տեղամասում տեղի ունեցած խախտումները չէին կարող անդրադառնալ ընտրությունների ամբողջ արդյունքի վրա: Սակայն, մենք մեկ ուրիշ ակնկալիք ունեինք՝ եթե այսօր նման ընտրակեղծիքներ լինում են տեղական ինքնակառավարման ընտրությունների հարցում, ապա ես վստահ եմ, որ այս նույն մեխանիզմը կաշխատի նաեւ Ազգային ժողովի ընտրությունների հարցում»:

Վրեժ Խաչիկյանը համարում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածն, այն է «Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն, ըստ էության, լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից», հնարավորության դեպքում պետք է հակասահմանադրական ճանաչել. «Մարդու ընտրելու եւ ընտրվելու իրավունքը առաջին հերթին Սահմանադրությամբ է ամրագրված:

Տարբերություն չկա՝ տվյալ անձը խորհրդարանական ընտրությունների է մասնակցում, նախագահական, թե տեղական ինքնակառավարման, միեւնույն է՝ ընտրելու կամ ընտրվելու իրավունք է: Հետեւաբար՝ ի՞նչ տարբերություն, եթե Ազգային ժողովի պատգամավորին հնարավորություն են ընձեռնում Սահմանադրական դատարանով բողոքարկելու, իսկ ՏԻՄ ընտրություններին մասնակցող անձին Վարչական դատարանի դատական ակտը համարում են վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում բողոքարկման պահից»:

Վրեժ Խաչիկյանը հավելեց, որ հայցադիմումում նշել էր, որ նույնիսկ, եթե 12 հազար մարդ այդ օրը ընտրություն է կատարել Սեւան համայնքում, եթե բաժանենք րոպեների, ապա 1 անձին հասնում է 1 րոպե 40 վայրկյան. «Ուզում է ամենակազմակերպված, ամենակարգապահ բնակչությունը լինի, մեկ է 1 րոպե 40 վայրկյանում չի հասցնի 1 հոգին մտնի ընտրի դուրս գա: Նույնիսկ խելքին մոտիկ չէ, որ հնարավոր է՝ Սեւան համայնքում 12 հազար մարդ գնա մտնի ընտրատարածք: Առավել եւս՝ Վանաձորում, Գյումրիում մասնակցել է բնակչության 30-40 տոկոսը, եթե չեմ սխալվում, որտեղ 10 թեկնածուներ էին եւ ավելի շատ ժողովուրդ պետք է ներգրավեին: Սեւան համայնքում ընդամենը 3 թեկնածու էր, եւ հանկարծ 87 տոկոս ընտրազանգված հայտնվեց: Սա, իհարկե՛, մեղմ ասած, կախարդական փայտիկով արված գործ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31