Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային աճուրդները՝ պետական գույքի կառավարման օրակարգում

Հոկտեմբեր 17,2016 19:40

Կառավարության՝ հոկտեմբերի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ի թիվս այլ հանձնարարականների, անդրադարձել էր նաև պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, վստահեցրել, որ դրանց որակի և արդյունավետության բարելավման խնդիրը գործադիրի համար գերակայություն է, ինչի հետ կապված հանձնարարականներ են տրվել գերատեսչություններին:

Պետական գույքի կառավարման վարչությունում այսօր հրավիրված հերթական խորհրդակցությանը ներկայացվել են կառավարության ղեկավարի հանձնարարականների կատարման ընթացքը, նոր առաջարկություններն ու  մոտեցումները:

«Վարչություն դիմող քաղաքացին պետք է իր բարձրացրած հարցերի պատասխանն ու լուծումը հնարավորինս արագ ստանա, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները պետք է նպաստեն, որ մարդը կարողանա իր խնդիրների լուծմանը հետամուտ լինել տնից, ընդհուպ մինչև էլեկտրոնային աճուրդների մասնակցելը». հայտարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, հիշեցնելով, որ դեռևս իր պաշտոնավարման առաջին իսկ ամիսներից խոսել է էլեկտրոնային աճուրդների անհրաժեշտության մասին, սակայն անբավարար ֆինանսական միջոցների պատճառով նոր համակարգի ներդրումը հետաձգվել է: Ա. Սահակյանը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին վերանայել մշակված հայեցակարգն ու այն ներկայացնել կառավարություն:

Վերջին  տարիներին Վարչության պաշտոնական  կայքի միջոցով հաջողությամբ կիրառվում է էլեկտրոնային հետադարձ կապը, ինչը թույլ է տալիս քաղաքացիներին դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով և նույնկերպ հետևել դրանց ընթացքին:

Վարչության պետն անդրադարձել է նաև միասնական պահառության վայրում, ավտոմեքենաներից բացի, մնացած օտարվող շարժական գույքը ևս աստիճանաբար կենտրոնացնելու հարցին, այն նպատակով, որ քաղաքացիները տեղում կարողանան ծանոթանալ դրանց վիճակին և ցանկության դեպքում մասնակցել աճուրդներին:

Պետական գույքի կառավարման վարչությունը մի շարք ծառայություններ է մատուցում բնակչությանն ու իրավաբանական անձանց, որոնց շարքում արդիական է նաև հանրակացարանային տարածքների սեփականաշնորհումը: Վերջին տարիներին անհամեմատ արագացված ու հեշտացված այս գործընթացը Վարչության պետի ամենօրյա հսկողության տակ է, ինչի վերաբերյալ այսօր ևս նոր հանձնարարականներ են տրվել: Մասնավորապես, աշխատակիցներին առաջարկվել է մեծացնել նախաձեռնողականությունն ու լրացուցիչ իրազեկումը, որպեսզի հանրակացարաններում ապրող մեր քաղաքացիները շահագրգռված լինեն օր առաջ դիմել և սեփականատեր դառնալ:

«Չպետք է նստեք ու սպասեք, թե երբ  սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող այդ մարդիկ իրենք կդիմեն ձեզ, որպեսզի նոր զբաղվեք իրենց խնդրով: Պետք է ինքներդ գնաք նրանց մոտ, օգնեք, որ սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկանքները և փաստաթղթերը հավաքեն, որոնց թիվը, ճիշտ է, նվազագույնի է հասցվել, սակայն, մարդիկ, այնուամենայնիվ, դժվարությամբ են ձեռք բերում դրանք». ասել է  Արման Սահակյանը:

Վարչության պետը հանձնարարել է նաև Մասնավորեցման ծրագրում  երկար տարիներ մնացած ընկերությունների առաջխաղացման և փաթեթային եղանակով դրանց սեփականաշնորհման վերաբերյալ առաջարկություններն ամբողջացնել` ՀՀ  կառավարությանը ներկայացնելու համար:

 

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31