Հոկտեմբերի 13-ին ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած հայկական մշակութային օրերի բացման արարողությունը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Շտուտգարտի քաղաքապետ Վերներ Վյոֆլեն:
Մշակութային օրերը Բադեն-Վյուրթեմբերգում անցկացվում են վեցերորդ անգամ` հոկտեմբերի 13-23-ը, որի նպատակն է գերմանացի հասարակությանը ներկայացնել Հայաստանի բազմադարյա պատմությունը, հարուստ մշակույթն ու ավանդույթները:
Նախատեսված են մի շարք միջոցառումներ, մասնավորապես` «Հայկական Երուսաղեմ» խորագրով լուսանկարների ցուցահանդես, «Կես գայլ և աղավնի» գրքի շնորհանդես, հայտնի կոմպոզիտոր-երգահան Ռոբերտ Ամիրխանյանի և երգչուհի Սեդա Ամիր-Կարայանի համերգ:
Կարդացեք նաև
Նարեկացու, Կոմիտասի, Բաբաջանյանի և Տիգրանյանի ստեղծագործություններով հանդես կգան գերմանացի երաժիշտները, Ագապի Մկրտչյանը կներկայացնի Պարույր Սևակի բանաստեղծությունների գերմաներեն թարգմանությունները, իսկ մշակութային օրերի ավարտին Գերմանիայում համերգով հանդես կգա «Ամբերդ» պարային անսամբլը:
ՀՀ ԱԳՆ