Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2015թ. արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման միջոցառումը

Հոկտեմբեր 17,2016 18:07

 

Հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2015թ. արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը մրցանակաբաշխությունն անց է կացնում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ՝ 2010 թվականից:

Միջոցառմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՌՀՄ և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը, Արամ Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների նախագահներ, մանկավարժներ, հյուրեր:

Ողջունելով մասնակիցներին և բոլոր մրցանակակիրներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ այս տարի սահմանվել են նոր անվանակարգեր՝ «Հայկական ավանդական ընտանիք» և «Լավագույն գեղարվեստական խումբ»:

«Սփյուռքում մեծ ակտիվությամբ են արձագանքել այս անվանակարգերին, և զգալի թվով հայտեր էինք ստացել: Սա նշանակում է, որ օտար երկրներում ապրող հայկական ընտանիքներում զավակները հայ ինքնության գիտակցությամբ են մեծանում», -նշեց նախարարն՝ ընդգծելով, որ 2015թ. աչքի են ընկել հատկապես Սփյուռքի հայկական պարային համույթներն ու երգչախմբերը, որոնցից շատերն իրենց լավագույնս դրսևորել են «Իմ Հայաստան», «Երգում է Կոմիտասը» համահայկական փառատոներում:

Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնապես բարձր գնահատեց Սիրիայի հայ համայնքում այս ծանր ժամանակաշրջանում ապրող և հայկական դպրոցներում դասավանդող ուսուցիչների դերն ու գործունեությունը: «Նրանք, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, ապրեցնում են Սիրիայում գործող շուրջ 20 կրթօջախները, հայ մանուկներին ուսուցանում հայերեն և հայոց պատմություն, մշակույթ», – նշեց նա:

2

Նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան»  մեդալով պարգևատրեց սիրիահայ ուսուցիչներ Անահիտ Թեքմեճյանին և Էմմա Ազարիկյանին:

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց ՌՀՄ փոխնախագահ Արամ Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքում գործող բոլոր կրթօջախների նվիրյալ մանկավարժներին և կրթական գործի կազմակերպիչներին՝ Ա.Սարգսյանը նշեց. «Մենք այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել այս մրցանակաբաշխության կազմակերպմանը: Սփյուռքի նախարարությունը մեզ համար դարձել է հարազատ գործընկեր և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանի հետ մենք կարողանում ենք իրականություն դարձնել համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը»:

3

Այնուհետև մեկնարկեց մրցանակների հանձնման արարողությունը: 2015թ. անվանակարգերն էին.

«Մայրենիի պաշտպան»,

«Լավագույն հայկական համայնք»

«Հայկական ավանդական ընտանիք»

«Լավագույն գեղարվեստական խումբ»:

2015թ. սփյուռքահայ կազմակերպություններից, հաստատություններից և անհատներից աշխարհի 23 երկրից ստացվել էր 112 հայտ:

1-ին, 2-րդ կարգի մրցանակակիրներ դարձան 61 անհատ և կազմակերպություն, որոնցից 1-ին կարգի մրցանակ ստացավ 13, 2-րդ կարգի մրցանակ՝ 48, 3-րդ կարգի խրախուսական մրցանակ՝ 51 մասնակից:

Բեմահարթակ հրավիրվեցին միջոցառմանը ներկա 15 մրցանակակիրները՝ Լիբանանից, Չեխիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Դանիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից,Վրաստանից, որոնց նախարար Հրանուշ Հակոբյանը և ՌՀՄ փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը, Արամ Սարգսյանը հանձնեցին դիպլոմները, մեդալները և մրցանակների վկայականները:

Մարիամ Կարապետյանը (Բուլղարիա), Լուսինե Մզիկյանը (Վրաստան) և այլք շնորհակալություն հայտնեցին նախարարությանն ու առանձնապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ մրցանակաբաշխությունը կազմակերպելու և այդ միջոցով հայկական համայնքներում հայապահպանության ոգին անընդհատ վառ պահելու համար: Նրանք նշեցին, որ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր եռամիասնությամբ հնարավոր կլինի դիմագրավել մեր պետության և ժողովրդի առջև ծառացող բոլոր մարտահրավերներին:

Տեսաուղերձով միջոցառման կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն էր հայտնել Ռուսաստանի «Մասյաց աղավնի» հայկական ամսագրի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանը: Նա նշել էր, որ «Մայրենիի պաշտպան» մեդալն իր ստացած բոլոր մրցանակներից ամենաթանկագինն է, քանի որ դրանով գնահատվել են հայապահպանությանն ուղղված աշխատանքները:

Միջոցառման ավարտին համերգային հատվածում հանդես եկան դուդուկահար, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրները, Գուրգեն Դաբաղյանի սան Սերոբ Սարգսյանը, Ձայնի պահպանման դպրոցի «Երգող հրեշտակներ» մանկական խումբը և երգիչ Վլադիմիր Ահարոնյանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31