Վիլնյուսի շրջանային դատարանը որոշել է վկայի կարգավիճակով հարցաքննել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին՝ կապված 1991թ. հունվարին Վիլնյուսի հեռուստակենտրոնի վրա գրոհի գործի հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Գործակալությունը նշում է, որ այդ տեղեկությունը հաստատել է գործի շրջանակներում տուժող ճանաչված Ռոբերտաս Պովիլայտիսը՝ գրոհի ժամանակ զոհված Ապոլինարաս Պովիլայտիսի որդին:
Հունվարին Լիտվայի դատախազությունը 1991թ. իրադարձությունների քննության շրջանակներում հեռակա կարգով մեղադրանք էր ներկայացրել ԽՍՀՄ նախկին պաշտպանության նախարար 92-ամյա Դմիտրի Յազովի դեմ՝ «160 զինվորներից ու քաղաքական գործիչներից բաղկացած կազմակերպված խմբավորում ստեղծելու համար, որը նպատակ ուներ Լիտվան վերադարձնել ԽՍՀՄ կազմ»:
Նույն ամսին Լիտվայի դատախազությունը հայտարարել էր, որն Մոսկվան հրաժարվում է իրենց իրավապահների խնդրանքով հարցաքննել ԽՍՀՄ նախկին նախագահ Գորբաչովին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, 1991թ. հունվարի 13-ին խորհրդային զորքերը գրոհեցին Վիլնյուսի հեռուստակենտրոնը, ինչի հետևանքով զոհվեց 15, վիրավորվեց շուրջ 600 մարդ: Այդ դեպքի առիթով 1990-ականների սկզբին Լիտվայում քրեական գործ է բացվել: Կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարված Եվրամիության տարածքում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ