Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը Լավրովին զգուշացնում է՝ «Մենք անկախ պետականություն ունենք եւ թույլ չենք տա»

Հոկտեմբեր 17,2016 17:01

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Նրա խոսքերով՝ «Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Թուրքիան համանախագահ երկիր չէ, համանախագահը կարող է փոխվել միայն կոնսենսուսով: Մենք դրան դեմ ենք, որովհետեւ այս տարիներին Թուրքիան ունեցել է միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշում: Պարոն Լավրովին հիշեցնենք իր իսկ հնչեցրած միտքը, որ ապրիլի 22-ին Երեւանում ասել է՝ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր: Թուրքիայի նման գործելաոճը հստակորեն դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին եւ Մինսկի համանախագահության պաշտոնական կարծիքին: Ավելին՝ պարոն Լավրովն ասաց՝ Թուրքիայի գործելաոճը խնդրի ոչ թե խաղաղ կարգավորման, այլ ռազմական կարգավորման կոչ է: Մենք Լավրովի՝ ապրիլի 22-ի գնահատականի հետ լիովին համամիտ ենք: Այս տարիներին Թուրքիան ցուցաբերել է հանցագործ, ադրբեջանամետ, պատերազմ հրահրելու դիրքորոշում, եւ անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում»:

Հարցին՝ երբ ՌԴ ԱԳՆ նախարարի շուրթերով է դա ասվում, ի՞նչ է նշանակում սա՝ Շարմազանովը պատասխանեց. «ԱԺ փոխնախագահի շուրթերով էլ ասվում է, որ Թուրքիան անելիք չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք անկախ պետականություն ունենք եւ թույլ չենք տա, որպեսզի Թուրքիայի ռազմատենչ ադրբեջանամետ միակողմանի դիրքորոշումները լինեն խաղաքարտեր: Թուրքիան անելիք չունի, որովհետեւ Թուրքիան նախեւառաջ պետք է իրականացնի իր պարտավորությունները: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ միջազգային հանրությունը ստիպեր Թուրքիային իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները եւ նախեւառաջ ապաշրջափակի Հայաստանը»:

Հարցին՝ Ստամբուլում կարծում եք համաձայնությա՞ն են եկել Պուտինն ու Էրդողանը, որովհետեւ դրանից հետո հնչեց այդ հայտարարությունը՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես կհորդորեի թուրքական դիվանագիտության ուղարկած կեղծ ինֆորմացիաներին ուշադրության չարժանացնել: Թուրքիան խնդիր ունի կովկասյան տարածաշրջանում իր դերը ուժեղացնել»:

Նա ասաց, որ Թուրքիան գնում է դեպի քաղաքական մեկուսացում, ԵՄ-ի հետ հարաբերությունները բավականին խոչընդոտների են բախվել, ուզում է ցույց տալ, որ ինքը կա. «ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն երբեք չեն համաձայնի, որպեսզի Թուրքիան որեւէ դերակատարում ունենա կարգավորման գործընթացում»:

Հարցին, որ մեր բարեկամը երկակի խաղեր է խաղում, դա չի՞ մտահոգում՝ նա պատասխանեց. «Բազում անգամներ համանախագահ երկրները հայտարարել են, որ խնդիրը բացառապես պետք է լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով՝ երեք համանախագահների միջնորդությամբ: ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն վերահաստատում են իրենց հավատարմությունը Վիեննայի, թե Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որտեղ վերահաստատվեց, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Չեմ կարծում՝ երկակի խաղեր են: Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն չի ենթադրվում, մենք դրան դեմ ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պարոն Շարմազանով,երբեք միք ասի երբեք,որովհետև կա 1920 թ. փաստը՝Աթաթուրքը ..յոլդաշ,,Լենինին խափեց,զենք ու փող վերցրեց՝խոստանալով սոցիալիզմ կառուցել Ռուսաստանի հետ,գրավեց Հայկական տարածքները և փախավ ԱՄՆ-ի և Եվրոպայի գիրկը:Թուրքիան գիտի իրեն թանկ վաճառելու ձևը:Հիմա էլ Ռուսաստանին սեթևեթում է քրդերի հարցը լուծելու նպատակով:Եթե ԱՄՆ-ն ավելի բարձր գին վճարի,կթքի ռուսների վրա և կգնա դեպի արևմուտք:
    Առաջին անգամը չէ:Մենք չպետք է մոռանանք,,չկան հավերժական բարակամներ,կան հավերժական շահեր,,բանաձևը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31