ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդն» ու «Լուսավոր Հայաստանը» այսօր բոյկոտել էին Վանաձորի ավագանու նիստը, բայց դա չխանգարեց, որ նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդմնակալության արարողությունը տեղի ունենա:
«Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը Aravot.am-ին ասաց, որ այսօր Վանաձորում տեղի ունեցած «արարողությունը» սահմանված չէ որևէ օրենքով, հետևաբար՝ հայտարարված միջոցառումն անօրինական է. « Ըստ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ պարբերության՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Ավագանու անդամների համար երդման արարողություն կարող էր նախատեսված լինել Ավագանու Կանոնակարգի մեջ, եթե նորընտիր ավագանիների կողմից հաստատված լիներ նման փաստաթուղթ, սակայն, ինչպես հասկացաք, Վանաձորի ավագանու առաջին խայտառակ նիստում որևէ կանոնակարգ չի հաստատվել։
Ինչը հիմք ընդունելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշեց չմասնակցել այդ ապօրինի միջոցառմանը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետը այսօր երդվեց համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Լուսանկարում՝ Քրիստ Մարուքյանը մաքրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի պաստառները: Լուսանկարը՝ Քրիստ Մարուքյանի ֆեյսբուքյան էջից