Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատանցի կարտոֆիլագործների առաջարկը՝ պաշտպանության նախարարին

Հոկտեմբեր 17,2016 16:49

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց վարդենիսցիների դժգոհությունն առ այն, որ ՊՆ մատակարարները գյուղացիներից կարտոֆիլը գնում են չնչին գնով՝ 1 կիլոգրամը՝ 40-45 դրամով, իսկ ՊՆ-ին հանձնում՝ 80-104 դրամով։ Այսպիսով` մատակարարները գերշահույթ են ստանում։

Արձագանքելով այս թեմային՝ Շիրակի մարզի կարտոֆիլագործությամբ զբաղվող ամենամեծ համայնքի՝ Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը իրենց գյուղի ֆերմերների անունից ասաց. «Եթե հիշում եք, մենք մի քանի տարի առաջ հայտնվել էինք այդ նույն իրավիճակում, պաշտպանության նախարարության մատակարարները գալիս, մեզնից կարտոֆիլ էին գնում էժան գնով՝ ընդ որում «նիսյայով», ամիսներով փողը չլչլում, չէին տալիս, սակայն հետո իմանում էինք, որ կրկնակի թանկ գնով հանձնել էին պաշտպանության նախարարությանը, իսկ նախարարությունը գումարը վաղուց փոխանցել էր, ուղղակի մեզ տեղ չէր հասնում։ Մեր բողոքներից հետո այս դեպքերն այլևս չկրկնվեցին մեր համայնքում ու առհասարակ՝ մարզում։ Երկու տարի է՝ մեզանից կարտոֆիլը մթերում են նորմալ գներով, նախանցած տարի մեկ կիլոգրամի համար 120 դրամ են վճարել, անցած տարի՝ 60, իսկ այս տարի մատակարարները մեր դռները դեռ չեն թակել։

Իհարկե, հիմա մեզանից զգուշավոր են, բայց սա չի նշանակում, թե հարցը վերջնականապես լուծվել է, ինչպես տեսնում եք՝ նույն սցենարը կրկնվում է Վարդենիսում։

Հիմա մենք պաշտպանության նորանշանակ նախարարին առաջարկում ենք հարցի կարգավորման հետևյալ տարբերակը. որպեսզի մատակարարները գերշահույթ չստանան գյուղացիների, մեր բանակի, մեր թանկ զինվորների առողջության հաշվին, առաջարկում ենք նախարարությանը հրապարակային, լրատվամիջոցների հնարավորություններն օգտագործելով՝ կոնկրետ գին հայտարարել, օրինակ՝ ասել, որ այս չափսի պարենային կարտոֆիլի համար պաշտպանության նախարարությունը պատրաստ է վճարել կոնկրետ այսքան գումար ու պատրաստ է մթերել այսքան տոննա կարտոֆիլ։ Թող վաճառողը պաշտոնական հայտարարությամբ իմանա այս մասին, ես ունեմ ապրանք, հորեղբայրս ունի, այդ դեպքում առուվաճառքը շատ հեշտ կկազմակերպվի. կարտոֆիլագործությամբ զբաղվող համայնքների գյուղացիները, ֆերմերները գյուղապետարանի միջոցով ՊՆ-ին կտեղեկացնեն ինչքան կարտոֆիլ կարող են վաճառել։ Ես կհանձնեմ իմ կարտոֆիլը, գումարը կստանամ գյուղապետարանի հաշվապահությունից, փողը մեր ասած տարբերակի դեպքում չի հասնի մատակարարի ձեռքը։

Ասեմ, որ կարտոֆիլագործությամբ զբաղվող համայնքներն էլ շատ չեն, հասկանալի է՝ տվյալ դեպքում Վարդենիսից ավելի ձեռնտու է գնել, տանել, հասցնել Արցախ, քան հասնել Շիրակի մարզի գյուղերը կարտոֆիլ գնելու, դա կրկնակի թանկ կնստի, բայց ամեն դեպքում հարցի լուծումը սա է։ Շիրակի մարզի գյուղերից էլ գնում են Տավուշի ու մայրաքաղաքի զորամասերի համար։

Այդ ինչպե՞ս է, որ խաղողի մթերման ժամանակ հազար ձևի հայտարարություններ են տալիս, թե խաղողը գնում ենք էս գնով, կոնկրետ այս տեսակների համար այսքան ենք վճարում, նայած թե ինչ տեսակի մասին է խոսքը՝ գինու կամ կոնյակի համար է, կարտոֆիլի դեպքում չե՞ն կարող նույնն անել։ Քանի դեռ ՊՆ-ն գին չի հայտարարել, մատակարարը ուզի 20 դրամով էլ վարդենիսցիներից կգնի, ո՞նց էլ լինի փող կաշխատի, ո՞վ կարող է դեմն առնել»,- ասաց Գևորգ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը դեռ 7-8 տարի առաջ բարձրաձայնել էր այս հարցը՝ այն ժամանակ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին առաջարկելով լուրջ ուշադրություն դարձնել խնդրին, քանի որ միջնորդները անասնակերի գնով են ձեռք բերում կարտոֆիլը՝ 1 կգ-ն 30 դրամով ու թանկ վաճառում են նախարարությանը։ Մինչդեռ, ըստ գյուղապետի, սրանից տուժում է ոչ միայն գյուղացին, այլ անասնակերի գնով կարտոֆիլ ուտող զինվորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31