Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում սկսվեց Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը

Հոկտեմբեր 17,2016 16:40

Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովի հանդիսավոր բացումը: Այս տարվա գիտաժողովը նվիրված է հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին:

Համաժողովի կազմակերպիչներն են Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի Ազգային գրադարանը:

Բացման արարողությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Համաժողովը բացվեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի խոսքով:
Տեր Հայրը մասնավոր անդրադարձ կատարեց համաժողովի նախորդ գումարումների արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, համաժողովի աշխատանքների համակարգմանը և առաջիկա ծրագրերին: Խոսելով համաժողովին ցուցաբերվող զորակցության մասին` Արարատ քահանան հավելեց. «Հայ Առաքելական Ս. Եկեղեցին՝ ի դեմս Ս. Էջմիածնի Մատենադարանի, և ՀՀ Մշակույթի նախարարությունը՝ ի դեմս Հայաստանի Ազգային գրադարանի, եղել և մնում են որպես հայ ժողովրդի հոգևոր-մշակութային գանձարանը հարստացնող համազգային և ազգային կառույցների տպագիր գրականության պահապաններ»:

17-2-9
Այնուհետև համաժողովի մասնակիցներին ողջունեց և իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Ուրախ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել հայկական գրադարանների և մշակույթի պատասխանատուներիդ ու պաշտոնյաներիդ:
Մեր օրհնությունն ենք բերում ձեզ և Մեր գնահատանքը` ձեր նախանձախնդիր մասնակցության համար Մայր Աթոռի Մատենադարանի, ՀՀ Մշակույթի նախարարության և Ազգային գրադարանի կողմից հրավիրված համաժողովին, որ նվիրվում է Աստվածաշունչ մատյանի տպագրության 350-ամյակին:

Սուրբ Գրքի տպագրության հոբելյանը մեր ժողովրդի համար նշանակալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու իր գրավոր ժառանգությունը և այն անխոնջ ջանքերն ու նվիրումը, որ մեր երախտավորների կողմից գործադրվել են հարուստ այդ ժառանգությունը ստեղծելու համար:

Տպագրությունը մարդկության մեծ ձեռքբերումներից մեկն է: Այն հնարավորություն տվեց, որ գիտելիքը, մարդկային մտքի նվաճումները արագորեն տարածվեն, լուսավորությունը հասնի հասարակության բոլոր շերտերին: Նույնիսկ կարելի է ասել, որ տպագրությունը արդի քաղաքակրթությունը ձևավորող նպաստավոր պայմաններից մեկն է: Այս ընթացքի մեջ բոլորովին պատահական չէ, որ մեր ժողովուրդը աշխարհում առաջիններից մեկը ձեռնամուխ եղավ տպագրության գործին: Բնական ուղին էր դա մի ժողովրդի, որ մինչ տպագրության դարը մեկ հազարամյակ մայրենի լեզվով ձեռագիր մատյաններ էր ստեղծում` շատ հաճախ չունենալով խաղաղություն ու ապահովություն և ապրելով զրկանքների մեջ: Հոգևոր կերակուրից, սակայն, ոչ ոք չկարողացավ զրկել մեր ժողովրդին, որ հավատարիմ քրիստոնեական իր ոգուն` հավատաց հոգևոր զորության բարեփոխող ուժին և ապրեց ու ստեղծեց ի սեր խաղաղ ու արդար աշխարհի:

17-2-6
Դուք, սիրելինե՛ր, պահպանում, վերականգնում, ուսումնասիրում և ներկայացնում եք գրավոր ժառանգությունը, որին մեր ժողովուրդը պահ է տվել իր հոգին ու միտքը, իր պատմությունը, իր աշխարհճանաչողությունը, գիտելիքն ու հույզերը, իր բնաշխարհի բույրն ու գույները, որոնք պիտի փոխանցենք սերունդներին: Այսօր մենք ապրում ենք էլեկտրոնային գրքի դարում, որը նոր հնարավորություններ է ստեղծում, որպեսզի գրապահոցներում եղած ժառանգությունը հասու լինի հասարակությանը: Այս ուղղությամբ մեծապես գնահատում ենք վերջին տարիների ձեր ջանքերը, էլեկտրոնային գրադարանների ստեղծման ուղղությամբ իրականացված ծրագրերը: Ինչպիսի ձևի մեջ էլ ներկայացվի` գիրքը պիտի շարունակի հոգևոր սնունդ մատուցել մեր ժողովրդին, հաստատուն պահել աստվածօրհնյալ ճանապարհներում և առաջնորդել իր բարօր ու լուսավոր կյանքի կերտմանը:

Հայրապետական Մեր օրհնությունն ենք վերստին բերում ձեզ, սիրելինե՛ր, և մեր բարձր գնահատանքը` ձեր նվիրումի ու ծառայության համար, մեր մշակույթին, ազգային կյանքին բերած ձեր ավանդի համար: Ողջունում ենք այստեղ ներկայությունը ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարար մեծարգո տիար Արմեն Ամիրյանի, բերում Մեր շնորհավորանքները և մաղթում արդյունավետ գործունեություն: Մեր գնահատանքն ենք բերում համաժողովի կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին:

Աղոթում ենք առ Աստված, որ խաղաղ պահի մեր հայրենիքը, պահպանի մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի և օրհնի մեր ջանքերը` հանուն հոգևոր և ազգային մեր կյանքի պայծառության և մեր ժողովրդի արդար իղձերի իրագործման:
Բարի ընթացք և հաջողություն ենք մաղթում համագումարի աշխատանքներին», – ասաց Վեհափառ Հայրապետը:

Ապա համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց նաև ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Պարոն նախարարը հատկանշական համարեց, որ համաժողովները կրում են «Անցյալի պահպանություն հանուն ապագայի» խորագիրը: «Թեմատիկ ուղղությունները համահունչ են Մշակույթի նախարարության կողմից գրադարանային ոլորտում իրականացվող աշխատանքներին: Գրքափոխանակության կազմակերպումը հայագիտական հաստատությունների միջև կշարունակվի մնալ նախարարության առաջնային խնդիրների ցուցակում և վստահ եմ, որ համաժողովի մասնակիցները կշարունակեն արդյունավետ համագործակցություն այս ուղղությամբ»,-նշեց պարոն Ամիրյանը: Նախարարն անդրադարձավ Սփյուռքի խոշոր հայկական հավաքածուներ ունեցող կառույցներին թվայնացնող սարքերով, ծրագրատեխնիկական և մեթոդական լուծումներով աջակցելու անհրաժեշտությանը և այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին:

«Հուսով եմ, որ համաժողովի առջև դրված առաքելությունը, այն է՝ աջակցել հայագիտական կենտրոններին, գրադարաններին հայ տպագիր ժառանգության հաշվառման խնդրում և շարունակաբար հոգ տանել հայ ժառանգության հանրայնացման երկարաժամկետ պահպանության հարցում, ամբողջովին կիրականանա և քննարկումների արդյունքում կգտնվեն համագործակցության նոր ուղիներ, կառաջարկվեն նոր մոդելներ, գրադրանային հավաքածուների էլեկտրոնային քարտագրման, թվայնացման և պահպանման հայաստանյան գրադարանների ներկա վիճակի, ապագայի մտորումներով, հայագիտական գրադարանների միջև համագործակցության վերաբերյալ»,- եզրափակեց նախարար Արմեն Ամիրյանը:

Համաժողովի բացմանը խոսք ասաց նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան, մատենադարանապետ Գերաշնորհ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Փանոսյանը:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31