Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում վախենում են հասարակության շրջանում իրանական ազդեցության ուժեղացումից». Արտյոմ Տոնոյան

Հոկտեմբեր 17,2016 16:32

Այս օրերին աշխարհի շիաները նշում են իսլամի շիայական ուղղության ամենաառանցքային կերպարներից մեկի` ուղղության հիմնադիր Ալիի որդու, այսինքն` 3-րդ իմամ Հուսեյնի, նրա եղբոր և 70 զինակիցների նահատակությունը Քարբալայի դաշտում (Իրաք): Իսլամի շիայական ուղղության մեջ սա համարվում է ամենասրբազան ծեսերից, որը մի քանի օր շարունակ, ներառյալ նաև իսլամական օրացույցի՝ մոհարրամի 10-րդ օրը՝ Աշուրան, ուղեկցվում է ոգեկոչման աղոթքներով, սգերգերով, քայլերթերով և այլ ծիսական արարողություններով: Այս առնչությամբ վերջին շրջանում առանցքային զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանում` որոշակի կրոնական ծեսեր արգելելու հետ կապված:

«Առավոտ»-ի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանը նախ ընդգծում է՝ Ադրբեջանում, որի բնակչության 85%-ը համարվում է շիայադավան, վերջերս խորհրդարան ներկայացված եւ հաստատված օրենքով արգելվում է մզկիթներից բացի, որևէ այլ տեղ Աշուրայի ժամանակ որևէ կրոնական միջոցառում անցկացնել, փողոցներում և հասարակական այլ վայրերում կրոնական բովանդակությամբ, հատկապես իմամ Հուսեյնի անվան հիշատակմամբ պաստառներ փակցնել:

«Բացի այդ, կրոնական քայլերթերի կանխարգելման համար ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ օգտագործել և շարունակում են օգտագործել երկրի սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասված է. «Կրոնական արարողությունների կատարումն ազատ է, եթե դրանք չեն խախտում հասարակական կարգը և չեն հակասում հասարակական բարոյականությանը»,-նշում է Արտյոմ Տոնոյանը, ապա անդրադառնում հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը, լինելով շիայական մեծամասնությամբ երկիր, չի ցանկանում թույլ տալ այդ կրոնի սրբազան ծեսի իրականացումը. «Կա երկու հիմնական պատճառ: Նախ, Ադրբեջանական Հանրապետության քաղաքական վերնախավը վախենում է մարդկանց` ցանկացած զանգվածային կուտակումներից՝ քաղաքական, թե կրոնական: Այս դեպքում ամբողջ շիայական աշխարհի համար իմամ Հուսեյնը մարմնավորում է բռնապետության դեմ պայքարը, ներկայացնում է ցանկացած միջոցով՝ նույնիսկ կյանքի գնով բռնությանը դեմ դուրս գալու խորհուրդը: Այս առումով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա շրջապատի համար ամենևին հաճելի չէ տեսնել փողոցներում այդ բռնության դեմ պայքարի գաղափարները կիսող մարդկանց համախմբում, քանի որ, որպես բռնապետ, Ալիեւն այդ հավաքներից ակնկալում է ուղղակի և իրական վտանգ: Երկրորդ և ամենակարևոր պատճառը. Ադրբեջանում վախենում են հասարակության շրջանում իրանական ազդեցության ուժեղացումից, քանի որ շիայական շարժումների թափ հավաքելն ուղղակիորեն նշանակում է ադրբեջանական հասարակության վերադարձ դեպի իրանական ինքնություն»:

Մանրամասները՝ տպագիր «Առավոտ»-ի հոկտեմբերի 18-ի համարում

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31