Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսնես ո՞վ ու՞մ է խաբում

Հոկտեմբեր 17,2016 16:30

Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյանին ուզում եմ փոխանցել ոչ միայն իմ, այլ նաև աշխատանքային խորհրդակցության շատ մասնակիցների տպավորությունն այն դահլիճի մասին, որտեղ անց են կացվում քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցություններն ու ավագանու նիստերը: Այն այսօր, հեռու մեզանից ու բոլորից, իր մուգ սրճագույն, անթափանց վարագույրներով սգո սրահ էր հիշեցնում և մթնոլորտը շատ ճնշող էր դարձրել: Տեսնես ո՞ւմ ճաշակով են դահլիճի պատուհանները մուգ վարագույրներով փակվել:

Այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցեցին, որ շաբաթվա ընթացքում ինքնակամ շինությունների ու հողազավթման 19 դեպք է հայտնաբերվել, իսկ թեժ գծով 9 ահազանգ է եղել, որոնց հետևանքները վերացվել են: Ամեն երկուշաբթի զեկուցվում են տարբեր թվեր: Հավանաբար քաղաքապետը տեղյակ է լինում մանրամասներին, որովհետև ոչ մի անգամ իր կողմից հարց չի տրվում, թե որ հասցեներում, ում կողմից են եղել ինքնակամ շինություններն ու հողազավթումները և ինչպես են վերացվել դրանց հետևանքները: Արդո՞ք դրանց արդյունքում տուժել է որևէ քաղաքացու իրավունք: Քաղաքապետը հանձնարարեց քաղաքացիներին լայնորեն իրազեկել այն մասին, որ շինթույլտվությունները այսուհետ հեշտացրել են, և որոշ դեպքերում քաղաքացիները 1 օրվա ընթացում կարող են այն ստանալ վարչական շրջանների ղեկավարներից:

2

Այնուհետև «Սանիթեք»-ը զեկուցեց այն մասին, որ աղբահանման գործում ամեն ինչ լավ է, սակայն անձամբ ATV—ի լուրերով եմ տեսել ու լսել բնակիչների բողոքն այն մասին, թե ինչպիսի գարշահոտություն է տարածվում «Սանիթեք»-ի ավտոկայանատեղիի վայրից, որը գտնվում է Չարբախ թաղամասում և որքան աղբ էր կուտակված այդ տարածքում: «Սանիթեք»-ը զեկուցեց ու անցան առաջ:

Քաղաքապետը հետևում է Երևանի մասին սոցցանցերում տարածվող ահազանգերին, որովհետև այսօր խոսեց նաև Գլխավոր պողոտայի ծառահատման մասին պատմող տեսանյութի մասին ու հարցին, թե ինչու էին այնտեղ ծառը կտրում, պատասխանն այսպիսին էր. «Ունենք բարձրակարգ մասնագետների գրավոր կարծիքը, որի համաձայն՝ ծառը չորացած էր»: Իմ դիտած տեսանյութում ծառը չորացած չէր, և այս մասին իմ նկատառմանը քաղաքապետը ցավոք չհակադարձեց, բայց ասաց, որ այդ կարծիքի մասին նախապես պետք էր իրազեկել բնակիչներին ու բողոքը կանխել, ոչ թե հետո արդարանալ:

3

Նման մի ահազանգ էլ այսօր եմ ստացել Սախարովի հրապարակի վրա Հրշեջների կայանի կողքի կամարից ներս գտնվող շենքերի բնակիչներից այն մասին, որ իրենց բակում կա 4 ծառ, որոնց վայրագաբար ուզում է վերացնել շինկազմակերպությունը: Նույն պատմությունն է ստացվելու:

Տեղին է երևանցիներին հիշեցնել, որ 30.04.2014թ. Երևանի ավագանին «Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» որոշում է կայացրել, որի մասին, կարծես, մոռացել են: Հակառակ դեպքում ամեն երկուշաբթի

ավագանու մի այլ որոշմամբ տնտեսվարող սուբյեկտներին տուգանելու, տուգանքների թվի ու հավաքագրված գումարի մասին զեկույցի կողքին պետք է պարբերաբար զեկուցվեր նաև այն մասին, թե համայնքում, վարչական շրջանում որ որոշումների կայացմանն ապահովվեց բնակիչների մասնակցություն, որևէ տարածքում այս կամ այն ծրագիրը ընդունելիս որքանով հաշվի առնվեցին բնակիչների կարծիքները:

Որպես կանոն, բնակիչներն իրենց տարածքում իրականացվող որևէ շինարարական ծրագրի մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ այն արդեն սկսվում է և այնտեղ վտանգներ տեսնելով՝ սկսում են բողոքել, բայց արդեն ուշ է լինում, թույլտվությունը առկա է լինում, ինչպես դա եղավ Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցի 35/2 հասցեի դեպքում, այն է՝ գազոնի վրա առևտրի օբյեկտ կառուցելու շինթույլտվություն տրվեց, իսկ ամենազավեշտալին այն է, որ շինթույլտվության մեջ «Հողամասի առկա վիճակը» տողում տարածքի մասին գրված է ՝ հարթ, անբարեկարգ տարածք ու իմ նամակին ի պատասխան տրված տարածքի նկարում երևում է թեք լանջով, կանաչապատ գազոնը:

Տեսնես ո՞վ ու՞մ է խաբում:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31