Հայաստանին Ռուսաստանից նոր սպառազինությունների մատակարարման մասին պայմանավորվածությունը չի բացառվում: Aravot.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանը:
Ավելի վաղ Սերգեյ Մինասյանը հայտնել էր, որ նման պայմանավորվածություն կա: «Այս պահին, քանի դեռ այդ գործարքը չի իրագործվել, ես չեմ ասի, թե ինչ զինատեսակներ են Հայաստանին տրամադրվելու: Բայց հանգամանքը, որ այդ պայմանավորվածությունները կան ու, կարծում եմ, կարճ ժամկետում կիրագործվեն` մենք կտեսնենք»,- ասել էր նա:
Մեկնաբանելով այս տեղեկությունները՝ Կարեն Վրթանեսյանն Aravot.am-ին մասնավորապես ասաց. «Չեմ կարող մեկնաբանել այլոց խոսքերը՝ տեղյակ չլինելով, թե ինչ աղբյուրների վրա են դրանք հիմնված։ Բոլոր դեպքերում կարծում եմ, որ Երևանում փակ դռների հետևում սպառազինության մատակարարումների վերաբերյալ որոշակի քննարկումներ եղել են, սակայն դրանց մանրամասները քննարկման մասնակիցներից և նրանց մերձավոր շրջանակից բացի, դժվար թե ինչ-որ մեկին հայտնի լինեն։
Այնուամենայնիվ սպառազինության թվարկած տեսակները նորություն չեն, արդեն եղած պայմանավորվածություններից հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանից ծանր հարձակվողական սպառազինություն է ստանում, այդ թվում և նշված «Սոլնցեպյոկ» հրանետներ, «Սմերչ» կայաններ, ինչպես նաև հակատանկային ժամանակակից միջոցներ։
Կարդացեք նաև
Չի բացառվում նաև, որ վերջին օրերին սպառազինության գնման վերաբերյալ նոր պայմանավորվածություններ էլ են ձեռք բերվել, ու ոչ միայն Ռուսաստանից»։
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ նոր մատակարարումները կսկսվեն արդեն ընթացիկ ամսվա վերջին:
Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ