Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ «Ցուցակների հրապարակումից հետո սուտ հայտարարություն տալու համար, որ մեկ այլ մարդ է մասնակցել, ասացիք, որ բոլորն ուղարկվելու են իրավապահ մարմիններին: Հազարավոր դրվագներ են լինելու, դատական համակարգը կարողանալո՞ւ է սպասարկել հազարավոր վեճերը, կարողանալո՞ւ է արագ լուծում ստանալ, որ ընտրությունների արդյունքի վրա չազդի»:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ զանգվածային դիմումներ չի ակնկալում, քանի որ սուտ հայտարարություններ, կեղծ դիմումներ ներկայացնողների դեմ կոշտ գործիքներ են մտցրել: Բացի այդ, ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումներ կան՝ կտրոն քվեարկության, ինքնասոսնձվող դրոշմանիշ, ուստի դրանք բավարար են՝ պրակտիկորեն որեւէ խախտում թույլ չտալու համար:
Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ հակառակ կարծիք ունի. «Ես ակնկալում եմ զանգվածային բողոքներ, կապրենք՝ կտեսնենք»:
Դավիթ Հարությունյանն առաջարկեց կանխատեսումները գրավոր արձանագրել, ընտրություններից հետո որեւէ մեկը կհայտարարի իր պարտության մասին, որ սխալվել է»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, չպետք է այնպես անել, որ կեղծ հայտարարություններով տպավորություն ստեղծեն, թե ընտրություններն անցել են կեղծիքներով: Կեղծ հայտարարություն անողին, եթե կարողացան ապացուցել, որ հավաստի չէ այդ հայտարարությունը, սպառնում է քրեական պատիժ՝ 2-3 տարի ազատազրկում:
Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ Դավիթ Հարությունյանի մատնանշած կոշտ պատժամիջոցներով՝ կեղծ հայտարարություն անելը քրեականացնելով, այնպես են անելու, որ մարդիկ իրենց ունեցած փաստերը չներկայացնեն:
Ըստ նրա, եթե մարդը գիտի, որ իր հարեւանը հանրապետությունում չէ, քվեարկելիս տեսնում է, որ իր փոխարեն քվեարկել է, կվախենա հայտարարել այդ մասին:
Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ մոտեցումն այն է, որ պատասխանատվություն լինի հայտարարության համար: Նա ասաց, որ ավելի լավ առաջարկություն եթե լինի՝ պատրաստ են ընդունել:
Խաչատուր Քոքոբելյանը կյանքի փորձից օրինակներ բերեց եւ խնդրեց այդ հոդվածը հանել: Դավիթ Հարությունյանը խնդրանքը մերժեց. «Այն, որ ձեր տեղեկատվությունը հավաստի չէ, ապացուցման բեռը ձեր ուսերին չէ: Եթե գիտեք, որ ձեր եղբայրը, ենթադրենք, ՀՀ-ում չի, ձեզ ասել են, որ նրա փոխարեն քվեարկել են, դուք հանգիստ կարող եք այդ հայտարարությունը տալ, եթե վստահ եք, որ նա ՀՀ-ում չէ»:
Նա հորդորեց անպատասխանատու հայտարարություններ չանել, որ պետական ապարատը անտեղի մարդկանց չգտնի ու պարզի, թե իրականում ինչ է եղել:
Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ իշխանությունների ապացուցման գործիքակազմն այնպիսին է, որ շատ դեպքերում կարող է դեմ լինել ճշմարտությանը: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ մատնահետքերը դրա համար են հավաքում, որ անհերքելի ապացույցներ լինեն՝ կոնկրետ այդ մա՞րդ է մասնակցել քվեարկությանը, թե՞ ոչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ