Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրներն իրենց մտահոգությունն են հայտնել աշխարհում համընդհանուր կայունության վրա ազդող գործոնների աճի, մասնավորապես տարբեր տարածաշրջաններում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղակայման կապակցությամբ: Այս մասին ասվում է ՀԱՊԿ անդամ-երկրների համատեղ հայտարարության մեջ, որը տեղադրված է կազմակերպության կայքում:
«Մենք մատնանշում ենք հակահրթիռային պաշտպանության ոլորտում իրավիճակի բացասական զարգացումը: Ռազմավարական ՀՀՊ համակարգերի միակողմանի ավելացումը և դրանց տեղակայումն աշխարհի տարբեր տարածաշրջաններում կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ ուժերի միջազգային և տարածաշրջանային հավասարակշռության վրա, դիպչել շատ պետությունների անվտանգության շահերին, խարխլել հրթիռների և հրթիռային տեխնոլոգիաների տարածման դիմակայության համար բազմակողմանի քաղաքական-դիվանագիտական մեթոդների մշակման և կիրառման հիմքերը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունները դեմ են հանդես գալիս նման քայլերին և անթույլատրելի են համարում այլ պետությունների անվտանգության հաշվին սեփական անվտանգությունն ապահովելու փորձերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ