Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոտայքի մարզի Զովունի համայնքի մի շարք բնակիչներ Aravot.am-ի հետ զրույցում դժգոհել էին այլեւս նախկին՝ 20 տարի պաշտոնավարած ՀՀԿ-ական գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի գործունեությունից՝ մատնանշելով որոշ խնդիրներ:
Այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք Սերժիկ Ավետիսյանից: Նա իր անձի շուրջ դժգոհությունները որակեց որպես սադրանք:
Նախ անդրադարձավ հարցին, թե Զովունու հատկապես ուսանողները տրանսպորտի խնդիր ունեն: Տեղեկացրեց, որ համայնքում երկու համարի երթուղային է աշխատում եւ հարցադրում արեց՝ էլ ո՞ր համայնքն ունի երկու տրանսպորտ:
«Գյուղը ես ընդունել եմ քանդված, ավերված, առանց գազաֆիկացման, կոյուղագծերի: Կարգի եմ բերել, վերականգնել, ասֆալտապատել, գիշերային լույսեր քաշել: Աղբահանության աշխատանքները գյուղապետարանն իր վրա է վերցնում: Ինչ ասես՝ արել եմ այս գյուղի համար»,-ասաց Սերժիկ Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Նա խոսեց նաեւ մանկապարտեզի մասին, որի շուրջ դժգոհել էին մի շարք զովունեցիներ՝ ասելով, որ շենքի մի հատվածը վերածվել է սգո սրահի. «Ոչ թե սգո սրահ է, այլ հանդիսությունների սրահ: Մանկապարտեզն էլ եմ ես կառուցել՝ երեք խումբ ունենք՝ եկեք, տեսեք…»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու էր Սերժիկ Ավետիսյանը դիմել դատարան՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Նրա խոսքով՝ ընտրախախտումներ են եղել. «ID քարտերով եկել քվեարկել էին՝ արկղները բացելով, ճիշտ տվյալներ չբերելով…հանձնաժողովը հակառակորդի բարեկամությունն էր: Համայնքի ղեկավարի թերթիկները լցրել էին համայնքի ղեկավարի թերթիկների մեջ…»:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի երկուսին կայացած ընտրությունների արդյունքներով՝ Զովունու համայնքապետ է ընտրվել անկուսակցական Վրույր Սիմոնյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարում՝ Զովունու մշակութային կենտրոնը