Նաիրա Զոհրաբյանը Դավիթ Հարությունյանին հարցրեց. «Քանի՞ հարկանի բոնուս է գործում Գյումրիում, որ 32 տոկոս ձայն ստացած Բալասանյանը օրենքի տառի եւ կետի համաձայն հռչակվում է Գյումրիի քաղաքապետ»:ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների քննարկումն է: Նախագիծը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես առանձնապես ռոմանտիկ չեմ, որ մտածեմ՝ ցուցակները հրապարակվեցին՝ վերջ, ունենալու ենք ազատ, արդար ընտրություններ եւ լուծելու ենք ընտրական համակարգի բոլոր խնդիրները»:
Նա հարցրեց՝ կամ հերքեք կամ հաստատեք՝ տեղեկություն կա, որը տրամադրվել է ՀՀ-ում աշխատող ԵՄ-ի որոշ գործընկերների կողմից, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է իր մասնաբաժին պայմանավորվածությունը կատարել՝ նոր համաձայնությամբ: Խոսքը 3 մլն եվրոյի մասին է: Սա մտավախություն է առաջացրել ԵՄ մեր գործընկերների մոտ, որովհետեւ եթե կառավարությունն ասում է, որ փող չունեմ, սա կարող է խոսել այս համաձայնության չեղարկման մասին»:
Դավիթ Հարությունյանը հորդորեց հրապարակել անուններ՝ ԵՄ ո՞ր երկրներն են նման հայտարարություն արել. «Եթե բաց ենք խոսում, մինչեւ վերջ բաց խոսենք»: Նա ասաց, որ 3 մլն-ի խոսակցությունը նախագրանցման համակարգերի հետ կապված է եղել, որը հիմա չի լինելու. «Որոշումն ընդունված է, ստորագրված է, գումարները փոխանցման փուլում են գտնվում: Ովքե՞ր են այն անձինք, որ նման անպատասխանատու մտահոգություններ են հայտնում ԱԺ-ի մեր ոչ ռոմանտիկ պատգամավորներին»: Նաիրա Զոհրաբյանը անուններ չհրապարակեց:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հարցրեց. «Ես կխնդրեի բացատրել՝ էդ քանի՞ հարկանի բոնուս է գործում Գյումրիում, որ 32 տոկոս ձայն ստացած Բալասանյանը օրենքի տառի եւ կետի համաձայն հռչակվում է Գյումրիի քաղաքապետ: Քանի՞ հարկանի բոնուս էիք նախատեսել, որ արդյունքը սա ունեցանք: Եթե անգամ ընդունենք, որ այս բացարձակ անարդար մեխանիզմն է ի հայտ եկել՝ ԸՕ-ի ընդունման ընթացքում, չե՞ք կարծում, որ հիմա ժամանակն է այս փաթեթի մեջ այդ փոփոխությունը մտցնել: Ինձ բացարձակ հետաքրքիր չէ, որ Իտալիայում այդ մոդելն է գործում: Չի կարող 32 տոկոս ձայներով Բալասանյանը համարվել գյումրեցիների վստահությունը վայելող քաղաքապետ»:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ ընտրությունների արդյունքից դժգոհողները միշտ կարող են մտածել, որ եթե այսպիսի մեխանիզմներ չլինեին, մենք այլ արդյունք կունենայինք»:
Նա ասաց, որ հիմա որոշել են, որ պետք է գործի շեմ, որոշակի ձայներից պակաս հավաքած կուսակցությունը չի կարող ստանալ մանդատներ. «Տեսականորեն, եթե որեւէ կուսակցություն ստացել է 20 տոկոս ձայն, երկրորդ կուսակցությունը՝ 10 տոկոս, մնացած բոլոր կուսակցությունները՝ 2-3 տոկոս, բայց նրանց թիվը շատ է: Ասացեք՝ ո՞վ է հաղթել ընտրությունները: Տեսականորեն կարելի է ասել՝ 70-80 տոկոսը ձայն չեն տվել առաջին կուսակցությունը: Բայց նրանք այնքան փոշիացված ուժեր են, որ նրանց մեկ միասնական քաղաքական ուժ դիտել չի կարելի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ