Հոկտեմբերի 17-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ Ռուսաստանի պատասխանին՝ իր մուտքն այդ երկիր արգելելուն, ինչպես նաեւ տարածաշրջանային վերջին գործընթացներին ու զարգացումներին:
«Օգոստոսի 30-ին իմ մուտքն արգելվեց Ռուսաստան մինչեւ 2030թ, ինձ արտաքսեցին…Պատասխանը եղավ բարձր մակարդակով, ինչը ապացուցում է, որ ես ճիշտ էի, այսինքն` իմ մուտքը Ռուսաստան արգելվել է քաղաքական դրդապատճառներով: Իմիջիայլոց, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հոկտեմբերի 6-ի իր բրիֆինգում, երբ պատասխանում էր տարբեր հարցերի, սկսած Սիրիայի ճգնաժամից, վերջացրած Ուկրաինայով, Հալեպով ու միջուկային զենքով, անդրադարձավ իմ հարցին: Բացի նրանից, որ պաշտոնապես դիմում է եղել իմ հարցով, նաեւ ինքս եմ ոչ պաշտոնական հանդիպում ունեցել, ինձ ասել են, որ Ռուսաստանը չի փոխում իր կարծիքը, ու նորից հենվում է նույն հոդվածների վրա: Այսինքն՝ կանխատեսումը, որ այդ գործը ունի զուտ քաղաքական բնույթ, ապացուցվեց: Փաստորեն իմ եւ իմ կողմից ղեկավարած Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գործունեությունն է պատճառը, իրենք բացահայտ ասում են՝ դուք սպառնալիք եք մեր կայունությանը»,-հայտարարեց պարոն Գրիգորյանը:
Նա ասաց, որ անպայման կդիմի Եվրոպական դատարան՝ ոչ միայն իր հեղինակության եւ պրոֆեսիոնալ գործունեության հետ կապված. «Ես փորձագետ եմ, ինձ ճանաչում են: Ես պետք է պաշտպանեմ իմ պատիվը եւ հեղինակությունը, եւ երկրորդը մարդասիրական բաղադրիչն է. իմ հայրը թաղված է Ռուսաստանում: Ես իրավունք ունեմ այցելել նրա գերեզմանին: Դա միջազգային խաղի կանոններով է կարգավորվում: Ընդ որում, խորհուրդ եմ տալիս ՀՀ քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին, նրանց, ովքեր պայքարում են մարդու իրավունքների համար, զգույշ լինել Ռուսաստան մուտք գործելիս: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ունի «սեւ» ցուցակներ, որոնք չի հրապարակում: Օրինակ, սեպտեմբերի 30-ին արգելվեց նաեւ Ուկրաինայի հայտնի լրագրող, Ukrinform-ի թղթակից Ռոման Սուշչենկոյի մուտքը եւս: Բայց եթե ինձ արտաքսեցին, ապա իրեն ձերբակալեցին, ու հիմա մարդը դատարաններում է»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը կոչ է անում՝ ցանկացած գործիչ, որ ուզում է, մուտք գործել այդ Ռուսաստան, անպայման ճշտի՝ արտոնվա՞ծ է իր մուտքը այդ երկիր, այլապես կարող է արժանանալ ուկրաինացի լրագրողի եւ իր ճակատագրին:
Նա նաեւ դրական է գնահատում այն հանգամանքը, որ իր հարցով ՀՀ ԱԳ նախարարությունը պաշտոնական հարցում արեց Ռուսաստան:
Ստեփան Գրիգորյանը փաստում է, որ իր դեպքում կիրառվել է 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարումն է, որոնք մասնակցում են միջազգային այն կազմակերպությունների գործունեություններին, որոնք ցանկալի չեն Ռուսաստանի համար: «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը ակտիվ կերպով համագործակցում է տարբեր եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական ֆոնդերի հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին։ Ռուսաստանը հենց դա էլ համարում է սպառնալիք իրենց երկրի համար»,- նշում է բանախոսը:
Քաղաքագետը փաստում է, որ կատարվածը լուրջ արձագանք է գտել եվրոպական կառույցների կողմից, ու գտնում է, որ այժմ սխալ կլինի այդ գործը լռեցնելը:
«Ես իրավունք չունե՞մ իմ պատիվն ու հեղինակությունը պաշտպանելու, մեր կազմակերպությանը ճանաչում են աշխարհում, եղել եմ 35-40 երկրներում ելույթներով: Ռուսական դատարաններ դիմելն անիմաստ է, Եվրադատարանը իմ գործը կընդունի, դա ուզում եմ անել հնչեղության համար…Գլխավոր վտանգն այն է, որ ես տարբեր հարցերում ունեմ տարբերվող կարծիք, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀՀ իշխանությունների կարծիքից: Իսկ Ռուսաստանում բոլոր նրանց, որոնք աշխատում են Արեւմուտքի հետ, համարում են գործակալներ: Ռուսաստանում ուրիշ համակարգ է ստեղծվել, իրենք դա ուզում են տարածել նաեւ Հայաստանի վրա: Եթե գազ ու նավթ չունես, քո հարստությունը քո ազատ հասարակությունն է»,- համոզված է Ստեփան Գրիգորյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ