Համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը ՀՀ կառավարության հետ համագործակցության շրջանակներում իրականացրեց Հայաստանի պետական հատվածի կիբեռանվտանգության ամրապնդմանը միտված հերթական նախագիծը. երկրի ուժային և այլ գերատեսչությունների կիբեռանվտանգության և հարակից ոլորտների …. մասնագետներ մասնակցում են ընկերության կազմակերպած սեմինարին, որը հոկտեմբերի 16-17-ն անցկացվում է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնի նիստերի դահլիճում։
Ոլորտի արդիական թեմաները նրանց ներկայացնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Սեմինարի առաջին օրն ընկերության թրեյնինգների նախապատրաստման և անցկացման խմբի ղեկավար Ալեքսանդր Պավլովը հանդես եկավ «Վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) պատմությունը։ Վնասաբեր ԾԱ-ի դասակարգումը։ Հակավիրուսային պաշտպանության մեթոդները։ Միջադեպերի հետաքննություն», «Համակարգչային անվտանգության արդիական սպառնալիքներ (բոտնետեր, DDoS-գրոհներ, շարժական սարքերի սպառնալիքներ, սպամ, սոցիալական ինժեներիա, գրոհներ առցանց-բանկինգի վրա, թիրախային գրոհներ, կիբեռզենք)» և «Տեղեկատվության կրիպտոգրաֆիկ պաշտպանություն։ Ծածկագրիչներ և դրանցից պաշտպանությունը» դասախոսություններով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ուսուցման համակարգերի մշակման մենեջեր Արթուր Պակուլովը ներկայացրեց «Ռեվերս-ինժինիրինգի մեթոդները։ Կոդի ստատիկ և դինամիկ վերլուծություն» թեման, ինչպես նաև սեմինարի մասնակիցների հետ անցկացրեց «Վնասաբեր ԾԱ-ի աշխատանքի ալգորիթմի վերականգնում կոդի ստատիկ և դինամիկ վերլուծության մեթոդներով» խորագրով գործնական աշխատանքը։
ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինարի երկրորդ օրը «Կասպերսկի Լաբորատորիա»-ի նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը ներկայացրեց «Թիրախային գրոհներ։ Kaspersky Anti-Targeted Attack Platform։ Ծառայություններ» և «Աշխատանքային կայանների պաշտպանության համալիր համակարգ և Kaspersky Private Security Network մասնավոր ամպ», իսկ Kaspersky DDoS Prevention նախագծի մենեջեր Ալեքսեյ Կիսելևը՝ «Պաշտպանություն DDoS-գրոհներից» դասախոսությունները։ Օրակարգում են նաև ընկերության կորպորատիվ կիբեռանվտանգության ուղղության ղեկավար Գեորգի Շեբուլդաևի «Կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Kaspersky Industrial CyberSecurity» և նախավաճառքային աջակցության ճարտարագետ Ալեքսեյ Գորելկինի «Տվյալների մշակման կենտրոնների պաշտպանություն» թեմաներով դասախոսությունները։ Ալեքսեյ Գորելկինը կվարի նաև ՏՏ-անվտանգության ոլորտում տարբեր հիմնախնդիրների լուծման հմտությունների ձևավորմանը նպաստող գործարար խաղը։
«Ինչպես ցույց տվեց սեմինարի ընթացքը, ՀՀ ուժային և այլ գերատեսչություններում գիտակցում են, որ ոչ բարեկամ հարևաններով շրջապատված Հայաստանը պարտադրված է դիմագրավելու դրանց վտանգավոր կիբեռսպառնալիքներին։ Կարևոր է նաև միշտ պատրաստ լինել միջազգային կիբեռհանցավորության գրոհներին, որոնց նպատակներից է պետական գաղտնիքների, մտավոր սեփականության գողությունը։ Համոզված եմ, որ սեմինարը խիստ օգտակար էր մասնակիցների համար, որոնք երկօրյա դասախոսությունների և քննարկումների ժամանակ ստացված գիտելիքների հավուր պատշաճի կօգտագործեն իրենց պետական կառույցներում կիբեռանվտանգության համակարգերն ավելի հուսալի դարձնելու համար»,- նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Կարդացեք նաև
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն