Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարացրել եւս երկու ամսով: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններից Տիգրան Հայրապետյանը:
Հետաքրքրվեցինք, թե իր գնահատմամբ՝ դատարանի որոշումը որքանո՞վ է հիմնավոր: «Մեղադրանքն ամբողջությամբ անհեթեթություն է: Երեք մեղադրանք միացրեցին իրար, հետո այն միացրեցին «Սասնա ծռերի» գործին, ու ոչ մի գործողություն չկատարեցին, ոչ մի ապացույց ձեռք չբերեցին: Քննչական խմբի կազմում մոտ 60 քննիչ կա, որոնք երկու ամսում մի անգամ որեւէ գործողություն չկատարեցին: Սա նշանակում է, որ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորված են պահում ոչ թե հետագայում նախաքննություն իրականացնելու նպատակով, այլ պատժում են Ժիրայր Սեֆիլյանին»,-եզրափակեց Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու համար, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ նա, ըստ մեղադրական եզրակացության, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ