«Հանուն օրենքի» հասարակական շարժումն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի առջև կազմակերպեց բողոքի ցույց, որի համար առիթ է հանդիսացել հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի՝ հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ և անհարգալից վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահն ազատ բանավեճերի ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի խոսափողերը:
Կարդացեք նաև
«Նրանք փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալությունը և կաշառված լինելը: Ոտնահարվել են հայկական պատվիրակության իրավունքները և խոսքի ազատությունը: ԵԽԽՎ-ն վերածվեց Իլհամ Ալիեւի պատվերը կատարող կառույցի: Հիշում ենք նախորդ տարվա հունվարին խավիարային դիվանագիտության արդյունքում ծնված երկու հակահայկական զեկույցները, որոնք լսվում էին ԵԽԽՎ-ում: Պարոն Ագրամունտը գործում է ոչ միայն ընդդեմ ՀՀ-ի, այլեւ բարձրագույն արժեքների, որոնց համար հարյուրամյակներով պայքարել է Եվրոպան»,-հայտարարեց «Հանուն օրենքի» շարժման համակարգող Արման Ղուկասյանը:
Նա նշեց, որ «Հանուն օրենքի» շարժումը պահանջում է Պեդրո Ագրամունտի հրաժարականը, եւ որպեսզի վերջինս հրապարակավ ներողություն խնդրի հայ պատվիրակներից: ԵԽԽՎ-ից էլ պահանջում են անկողմնակալ վերաբերմունք՝ Արցախյան հակամարտության հարցում:
Ցուցարարները նշյալ պահանջներն ամփոփող նամակ, ինչպես նաեւ՝ Ալիեւի պատկերով «դոլարներ» հանձնեցին ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին, ով վստահեցրեց, որ նամակը կփոխանցի եւ հրաժարվեց գնահատականներ տալուց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ