ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 17-ին գումարել է արտահերթ նիստ:
Պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, ԸՕ-ի համահեղինակ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ քաղաքական համաձայնությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին փոփոխություններ եւ լրացումներ կատարել Ընտրական օրենսգրքում:
Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ կառավարության կողմից սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը ԿԸՀ-ն թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում: Նախատեսվում է տեսանկարահանված նյութերն արխիվացնել, ինչն անելու է մասնագիտացված կազմակերպությունը:
Կարդացեք նաև
Փաթեթով նախատեսվում է նաեւ, որ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակվելու են օրենսգրքով սահմանված կարգով:
Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվել է հոկտեմբերի 17-ին կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծում:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն