Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատճառը հայկական կողմի անհետևողականությո՞ւնն է. ինչո՞ւ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չդարձավ

Հոկտեմբեր 17,2016 13:24

Ռուս փորձագետները Հայաստանի իշխանությունների անհետևողականության հետ են կապում այն, որ ՀՀ ներկայացուցիչը չնշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ նախատեսվում էր, որ համաձայն ռոտացիոն սկզբունքի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձնի ՀՀ ներկայացուցիչը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովն այս առիթով արձագանքեց. «Եթե հայկական կողմն իրոք ցանկանար, որ իր ներկայացուցիչը լիներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, դրա համար նախապատրաստական աշխատանքներ կտաներ: Սակայն հայկական կողմից պաշտոնապես չի հայտարարվել, որ թեկնածու է ընտրվել:

Այնպիսի տպավորություն ունեմ, որ եթե հայկական կողմն իրոք ուզեր՝ իր ներկայացուցիչը դառնար գլխավոր քարտուղար, ինքը նախօրոք այդ հարցը կհամաձայնեցներ մյուս անդամ երկրների հետ: Հայաստանը նախօրոք պետք է հետևողականություն ցուցաբերեր այդ հարցում, ինչը չի արվել»:

Դառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հայտարարությանը՝ պարոն Կռիլովը նկատեց, թե կողմերը ևս մեկ անգամ հաստատել են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից են: Ըստ քաղաքագետի՝ այս հարցում նորությունն այն է, որ շփման գծում մշտադիտարկման համակարգ է գործելու, որպեսզի այսուհետ Ադրբեջանը չհայտարարի, որ հայկական կողմն է ռազմական գործողություններ նախաձեռնել, իրենք էլ պատասխան են տվել:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը զարմացած է հայկական և ռուսական կողմի հայտարարությունների հակասությունից, երբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախապես վստահեցրել էր, որ ղարաբաղյան հակամարտության հետ կապված հայտարարություն չի ընդունվի, մինչդեռ գագաթաժողովի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայտարարություն ընդունվել է. «Այդ հակասությունը երևում է նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններում, երբ հայկական կողմը վստահեցնում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիան տեղ չունի, մինչդեռ ռուսական կողմը՝ հանձին Սերգեյ Լավրովի հակառակն է հայտարարում»:

Ամփոփելով՝ պարոն Գրիգորյանն ասաց. «ՀԱՊԿ-ը Հայաստանի համար դադարել է լինել հավաքական անվտանգության կառույց, հայաստանյան գագաթաժողովը ցույց տվեց, որ այնտեղ Ռուսաստանից բացի՝ ոչ ոք չի կարող որոշումներ կայացնել»:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն էլ նկատեց, որ ապրիլյան պատերազմը լրջագույն փորձություն էր ՀԱՊԿ-ի համար՝ որպես դաշինք, ինչից հետո մենք հասկացանք, որ չկա ոչ դաշինք, ոչ կոլեկտիվ ու ոչ էլ անվտանգություն:

Արձագանքելով հայ փորձագետների՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հնչած մտահոգիչ դիտարկումներին՝ Ալեքսանդր Կռիլովն ասաց. «Չեմ կարող կիսել այս մտահոգությունները, քանի որ, ըստ էության, էականն այն է, թե ինչպես է կարողանում դաշինքի անդամ պետությունն օգտագործել այն ներուժը, որն ունի դաշինքը: Ի վերջո, եթե ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի համար շահավետ չէ, ապա նա ունի իրավունք այլ ուղիներ փնտրելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31