Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ոստիկանների նկատմամբ
վերաբերմունքի եւ ցածր լեգիտիմության մասին
«Մեզ մոտ միշտ էլ ընտրությունների նախաշեմին հայտնվում են, այսպես կոչված, նոր ուժեր: Դա արդեն շատ սովորական երեւույթ է: Վիկտոր Դալլաքյանն էլ առաջին անգամ չէ այդ դերում հանդես գալիս: Կարող են նաեւ նոր դեմքեր էլ հայտնվել: Ինչ-որ արտասովոր բան չկա դրանում»,- «Առավոտի» հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսպես մեկնաբանեց Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը՝ վերադառնալու ակտիվ քաղաքականություն:
Նա ասաց, որ հասարակությունն իրականում ունի հիշողություն, բայց դա արտահայտվում է ոչ թե քվեարկությամբ, այլ անտարբերությամբ: Հասարակությունն այլեւս սկսել է վստահությունը կորցնել ոչ միայն իշխանության, այլեւ ընդհանրապես քաղաքական համակարգի նկատմամբ, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի. «Ապրիլյան իրադարձություններից հետո անգամ հարվածի տակ ընկավ բանակը: Քաղաքական գործիչների նկատմամբ վստահության կորուստը, վարկաբեկումը հենց հասարակության հիշողության արդյունքն է: Ու մարդիկ մտածում են՝ եթե ես հույսս չեմ կապում որեւէ մեկի հետ, ավելի լավ է գնամ եւ վերցնեմ իմ 5000-10 հազար դրամն ու քվեարկեմ»:
Ըստ պարոն Իսկանդարյանի՝ քաղաքական դաշտում լուրջ ուժերի պահանջարկ կա, բայց առաջարկ չկա, ընտրողներին չի գոհացնում առաջարկը: Պետք է նոր իրական ուժ ի հայտ գա, ոչ թե միավորվեն, այլ ստեղծվի: Քանի դեռ դա չի եղել, կլինի անտարբերություն:
Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին եւ դրա հետեւանքներին՝ պարոն Իսկանդարյանն ասաց, որ երբ երկրում անընդհատ խոսում են, որ բոլորին պետք է վերացնել, ապա մեծ է հավանականությունը, որ դա կարող են իրականացնել:
Կարդացեք նաև
«Սասնա ծռերի» գործողությունները սկսվեցին հուլիսի 17-ին եւ ավարտվեցին օգոստոսի 31-ին, երբ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ռազմագերու կարգավիճակով հանձնվում ենք: Այս տեւական օրերին իշխանությունները, բնականաբար, ունեին լծակներ միջամտելու, ինչո՞ւ չգնացին այդ քայլին եւ գործողություններ չձեռնարկեցին: Նրանց ձեռնտո՞ւ էր դա, թե՞ ժոովրդավար էին: Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ պետք է անեին՝ կրակեի՞ն: Իշխանությունները չափազանց ցածր լեգիտիմություն ունեն: Այդպիսի քայլերի նրանք չեն գնա: Այդ լեգիտիմությունը անընդհատ իջել է: Եթե նմանատիպ մի իրավիճակ լիներ ԱՄՆ-ում, այդ մարդկանց պարզապես կգնդակահարեին ու կվերջացնեին: Եթե եվրոպական որեւէ երկրում լիներ՝ մոտավորապես նույն կերպ կվարվեին: Եթե Ռուսաստանում լիներ, ինչ-որ գազով կսպանեին այդ մարդկանց, նաեւ հարեւաններին, նաեւ նրանց հարազատներին, նաեւ՝ մոտակայքում գտնվողներին եւ մի փոքր էլ ոստիկաններին: Բայց ԱՄՆ ոստիկաններն ունեն լեգիտիմություն: ԱՄՆ քաղաքացին կարող է շատ մարդկանց մեղադրել շատ հարցերում, քաղաքական գործիչների եւ այլն, բայց նա ունի այն ընկալումը, որ ոստիկանը պաշտպանում է իր անվտանգությունը, ոստիկանությունը պետության գործիք է: Եվրոպայում էլ է այդպես ընկալվում: Իսկ Հայաստանում չունեն: Հրահանգել կարող են, բայց թե ինչ կլինի հետո՝ պարզ չէ»:
Պարոն Իսկանդարյանը պատմեց, թե ինչպես է, օրինակ, Կյուրեղյանների հայրը վերաբերվել զոհված ոստիկաններին. «Կյուրեղյանների հայրը հարցազրույցներից մեկում հայտարարեց՝ ամենակարեւորն այն էր, եւ դա մեր տղաների շնորհիվ էր, որ գործողություններից ոչ ոք չզոհվեց: Այսինքն՝ այն 3 ոստիկանները, որոնք զոհվել են, մարդ չե՞ն: Ինչպե՞ս կարող է ոստիկանությունը վերաբերվել սրան, երբ փաստացիորեն մարդիկ մտածում են՝ քեզ կարելի է խփել: Այս իրավիճակում միակ ճիշտ մեթոդը երկարատեւ բանակցություններն են, փորձերը՝ հարթեցնելու: Սա այն դեպքերից է, երբ ասում են՝ չկա չարիք առանց բարիքի, այսինքն՝ ցածր լեգիտիմությունը բերեց նրան, որ դու այլեւս չունես քարտ-բլանշ, որ գործես սառը եւ կտրուկ: Պատկերացրեք, եթե այդպիսի բան անեին ադրբեջանցիները՝ հարձակվեին ու ինչ-որ մի շենք գրավեին, բնականաբար, այդ դեպքում բանակցություններ չէին տարվի: Դրա լեգիտիմությունը մերոնք ունեն, իսկ նրանք չունեն»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
15.10.2016
դատարկ խօսքեր…
նոյն տեսանկիւնից, 2008-ին վարչակարգը աւելի՞ «լեգիտիմություն» ունէր, երբ կրակ բացաւ ապստամբ ամբոխին վրա… բա ի՞նչ եղաւ, անկէ ետք… այդ պատճառով իշխանությունը տապալեցա՞ւ…
ընդհակառակն, անցած Յուլիսի միջադէպի ընթացքին իշխանությունը ցուցաբերեց պետականավայել վարքագիծ, ինքնազսպում, որպէսզի չլինի արիւնահեղություն. նաեւ հասունությունը, վարպերտությունն ու խելացությունը ունեցաւ չիյնալու հանցագործների խաղին մէջ, ծուղակին մէջ, որովհետեվ պարզ է թէ անոնք ուզում էին որ իրավապահները հարձակին, որպէսզի աւելի գրգռվի ժողովուրդը. իսկ մահանալով, ժողովուրդի մէկ հատվածին համար, անոնք դառնալու էին նահատակներ, մարտիրոսներ… որոնք պիտի ներշնչէին նոյնանման բիրտ ու անմիտ արարքներ… հեռու չենք մոլեռանդ մահմետականների «շահիտ»ի մարտավարությունից… որմով կը սնանի, որու շնորհիվ կ’աճի Միջին Արեւելքից համայն աշխարհ տարածված քանդումի, սպանդի եւ բրտության «մշակոյթը»
իսկ ոմանց համար ոչ միայն ոստիկաններ երեւի իրոք մարդ չեն, այլ նաեւ մարդկային էակներ չեն անոնց կիները, մայրերը, քոյր-եղբայրները, որբ դարձած երեխաները…
միայն լսում ու տեսնում ենք զանոնք սպանած անձերի ընտանիքների անամօթ կանչերը… «հայրիկ, հայրի՜կ», դու հերո՛ս ես, մենք հպարտ ենք քեզմով, եայլն. կամ ել ՝ վա՜յ այս որքան անգթություն, որ ճաղերի ետեւ են պահում իմ քաջ տղեն, դիւցազներգութեան անցած իմ ամուսինը, իմ ազնվական եղբայրը, եւայլն.
եւ այս ամէնը լսում ու տեսնում են սգավոր ընտանիքները…
մեյ մը որ, անթիվ ու անհեթեթ հայցերի կրկեսը վերջ գտնէ (որու միակ նպատակը ոստիկանատան գրավումով սկսած գործողությունը շարունակել է, ջանալ վառ պահել է կրակ մը որ սակայն երբեք չվառեցաւ, ձախող, թրջված հրավառության մը պէս հազիւ մի քանի խղճալի կայծեր արձակեւ ու անմիջապէս ծուխ դարձաւ), մէյ մը որ ըստ էության, իսկական դատավարությունները սկսեն, կը տեսնենք…