Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդկություն ունեք, դուրս եկեք Երեւանից ու տեսեք՝ գյուղերում ինչ է կատարվում». Հովսեփյանի ուղերձը՝ վարչապետին

Հոկտեմբեր 17,2016 13:11

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հորդորում է Երեւանից դուրս նայել ու հասկանալ Հայաստանի իրական վիճակը մարզերի պատկերով:

«Եթե այդքան մարդ եք, եթե մարդկություն ունեք, դուրս եկեք Երեւանից ու տեսեք՝ գյուղերում ինչ է կատարվում: Երեւանում կենտրոնացվածությունը շատ մեծ է, կառավարությունը Երեւանում է, ու դա վատ է, որովհետեւ Երեւանում նստած մտածում են, որ նույն շքեղությունը նաեւ մարզերում է ու քթները դուրս չեն հանում՝տեսնելու սոված, աղքատ ընտանիքներին»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Նրա խոսքով, ամեն անգամ պաշտոնյաների փոփոխությունների ժամանակ քաղաքացիները սպասումների մեջ են. «Կառավարությունը փոխվեց, մտածում են՝ ահա նոր փոփոխություններ կլինեն, բայց իրականում ոչ մի փոփոխություն, որ նախագահն եկավ` իր համար լավ եղավ, որ վարչապետն եկավ` իր համար լավ եղավ»:

Հովսեփյանը երեկ է վերադարձել Շիրակի մարզից, այնտեղ պատերազմում երեք զոհի ծնողներին է այցելել. «Իննսունականների զոհերն անտեսվեցին, սա էլ հո թարմ դեպք է, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերն են, ընտանիքները լրիվ անկարողունակ, հաշմանդամ են, գործազուրկ, աղքատության մեջ են ապրում: Մենք քառօրյա պատերազմի մասնակիցներին էլ ենք մոռացության մատնել»:

Նա դժգոհեց, որ մեծ սխրանքներ կատարած ու ապրիլյան դեպքերի ժամանակ զոհված մի շարք երիտասարդների մահվան գրքույկում պարզապես գրված է՝ մահացել է ապրիլի 2-ին, նույնիսկ նշված չէ՝ ինչ սխրանքներ է արել. «Ինչ է թե մի քանի գրոշ մարտական խաչի համար տրամադրելու դեպքում շատ բան չպակասի իրենց գրպանից: Այնպիսի տղաների են արիության մեդալ տվել, որոնք մարտական մեծ ճանապարհ են անցել ու լուրջ սխրանքներ արել, որոնք մեր շատ գեներալներ չեն արել: Ապրիլյան դեպքերին շատ գեներալների տեսել եմ ռեստորան ու հյուրանոց մտնելիս, իսկ զինվորները սոված սահմանին կանգնած էին, այ նրանք են մեր գեներալները: Հարգելի պաշտոնյաներ, մարդկանց վերջին հույսը մի՛ կոտրեք , որոնք հավատում են, որ կառավարության փոփոխությամբ հնարավոր են փոփոխություններ»:

Բանախոսը նաեւ ասաց, որ պատրաստվում են դիմել ՊՆ-ին, կառավարությանը, որ մահացած զինծառայողների ընտանիքներին պատշաճ ուշադրություն դարձվի, թոշակներ նշանակեն, իսկ բուժհաստատություններում էլ զոհվածների ընտանիքների նկատմամբ վերաբերմունքը փոխեն:

«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանն էլ պատմեց, որ նոր է վերադարձել Արարատի Շահումյան գյուղից, այնտեղ այցելել էր զոհվածների ընտանիքներին.« Չքավորության մեջ խեղդված են…. Չեմ հասկանում՝ ասում են երեկվա հերոս, այսօրվա հերոս, երբ ասում են երեկ հասկանում եմ հայրենական պատերազմ:

Հարաբերական անդորր, հրադադար չի եղել, միշտ էլ եղել են պատերազմներ, ու մենք ունենք այսօրվա զոհեր ու այսօրվա հերոսներ: Բայց մեզ մոտ ստացվում է, որ երբ մարդկանց կենսագրությունն ավարտվում է ամեն ինչ մոռացվում է:

Աշխատող տղաները զոհվեցին, ծնողները մնացին անտերության մեջ: Զոհվածների ընտանիքները մեզնից մի քանի աստիճանով բարձր պետք է ապրեն, ով պետք է այս հարցերը բարձրացնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31