Հյուսիսային պողոտայի բնակիչներն արդեն 13 տարի է՝ բողոքի ցույցեր են անում քաղաքապետարանի, կառավարության, նախագահականի մոտ: Օրերս դարձյալ նախագահի նստավայրի առջեւ էին ու պահանջում էին վերանայել իրենց փոխհատուցման պայմանագրերը. «Երվանդ Զախարյանը հայտարարում էր՝ 1000 դոլարով ենք վճարել՝ բնակիչները շատ են ուզում: Թող մեր պայմանագրերը նայեն, եթե մեզ 1000 դոլար կամ թեկուզ 500-600 դոլար 1 քմ-ի համար փոխհատուցում են տվել, մենք հրապարակավ ներողություն կխնդրենք»:
Ցուցարարները նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հետ որեւէ հույս չեն կապում. «Նարեկ Սարգսյանի համար կոմիտե է ուզում բացել, կոմիտեի նախագահ դնել: Նա ամբողջ քաղաքը ավիրեց, ի՞նչ նախագահ, մի հատ շենք չկա, որ մարդ նայի, ասի՝ սա հայկական ճարտարապետություն է: Առաջ ես մի քիչ հավատացի այդ վարչապետին, հիմա չեմ հավատում, էդ սփյուռքի նախարարությունը ինչի՞ է պահում, ո՞ւմ է պետք այդ նախարարությունը»:
Մեր դիտարկմանը, որ գոնե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հանեցին, Գագիկ Խաչատրյանին, ինչ-որ փոփոխություններ արվում են՝ ցուցարարներից մեկը՝ Բուզանդի 9 հասցեի 23 բնակարանից Քնարիկ Առաքելյանը, պատասխանեց. «Կարո՞ղ է Գագիկ Խաչատրյանին հանեցին, մի հատ պաշտոն չտան: Մի վախեցիր, կտան: Սուրիկ Խաչատրյանին մի երկու տարի առաջ էլ հանեցին, նորից տարան նույն պաշտոնին դրեցին»:
Ցուցարարները վստահեցնում էին, որ ամենավերջին շարքային ՀՀԿ-ականի դեմ անգամ պետք է քրգործ հարուցել, ձեռքից փողերը վերցնել. «Պետք է պատասխանատվության կանչի, փողերը վերցնի օֆշորներից-մոֆշորներից, բերի, դնի բյուջե՝ թոշակներս էլ կավելանան, աշխատավարձերս էլ: Կծաղկի Հայաստանը: Եթե վարչապետը այդքան բան արեց՝ մենք իրեն կհավատանք: Եթե չարեց՝ այլեւս չենք հավատա»:
Կարդացեք նաև
Մենք հիշեցրինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերը, որ ի՞նչ է՝ ում գործից հանենք, պիտի Լինչի դատաստանի՞ ենթարկենք, նա պատասխանեց. «Ուրեմն Լիսկան մարդ սպանի, ճիշտ է՝ դատարանը իրենցն է, վճիռ չկա, խեղճ Բուդաղյանների տունը քանդեցին, մեկին սպանեցին, մեկին վիրավորեցին: Բա Հոկտեմբերի 27 է եղել, Մարտի 1 է եղել, իսկական վարչապետը կհանի դրանք: Թե չէ՝ եկել նստել է, սրան հանում, այնտեղ դնում, այնտեղից հանում, ուրիշ տեղ դնում: Թող լրիվ ՀՀԿ-ականներին մաքրի, նոր կուսակցություն ստեղծի, նոր կհավատանք նրան»:
Ցուցարարներից մեկի խոսքերով՝ կառավարությունում ոչ մի բան էլ չի փոխվել. «Գազպրոմի» իր ընկերներին է Կարեն Կարապետյանը բերել: Ոչինչ էլ չի փոխվի, քանի սրանք իշխանության մեջ են, ուղղակի ժամանակ են շահում»:
Մեր հարցին՝ իշխանափոխություն լինի, ո՞վ գա իշխանության, նրանք պատասխանեցին՝ ուրեմն մեր ամբողջ հանրապետությունում Կարեն Դեմիրճյանի նման մարդ չկա՞ր:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
15.10.2016