Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լեւոն Ալթունյանը երեւի իր հետ բերել է այդ կախարդական փայտիկը»

Հոկտեմբեր 17,2016 13:30

Ամեն անգամ, երբ լրագրողները հետաքրքրվում են, թե կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ի՞նչ առաջընթաց կա, տարբեր մակարդակի պաշտոնյաներ մշտապես ասում են՝ «Կոռուպցիան մեկ օրում կամ մեկ տարում վերացնել հնարավոր չէ, տարիների աշխատանք է պետք»: Իսկ ահա առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը 2 շաբաթում վերացրեց առողջապահության ոլորտում կոռուպցիան: Պարոն Ալթունյանն օրերս լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես կարող եմ երաշխավորել, որ ներկա ժամանակ կոռուպցիոն ռիսկերը բացառված են, կոռուպցիա չկա եւ չի լինելու առաջիկայում»: Նախարարը պարզաբանել է, որ նորմատիվ ակտերն են վերանայել, եւ «ամեն դեպքում գումարների բաշխումը դադարեցվել է եւ կատարվում է ըստ օրենքի, խոսքը պետպատվերի գումարների մասին է»:

Ստացվում է՝ այլ ոլորտների պատասխանատուներն անգամ ՀՀ նախագահի հանձնարարությունից հետո տարիներ շարունակ չեն կարողացել ոչ գլխից բռնել, ոչ պոչից, որպեսզի կոռուպցիան վերացնեն իրենց համակարգում, իսկ Լեւոն Ալթունյանը պարզվում է՝ ընդամենը 2 շաբաթում եւ ընդամենը նորմատիվ ակտերով գոնե պետպատվերի տեղաբաշխման ոլորտում կոռուպցիան վերացրեց:

«Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը զարմացած է, թե ինչպե՞ս է պարոն Ալթունյանին հաջողվել այդպիսի կարճ ժամանակում կոռուպցիան վերացնել: «Նախարարը եթե նման հայտարարություն է անում, պետք է որոշակի ցուցիչներ ունենա, որոնցով կարելի է գնահատել կոռուպցիայի աստիճանը մինչ գործողություններին անցնելն ու ու որոշակի գործողություններ անելուց հետո: Ես չեմ լսել, որ 2 շաբաթ առաջ՝ նրա նշանակվելուն պես, կոռուպցիայի գնահատման գործընթաց է եղել, եւ որոշակի մակարդակի կոռուպցիա է արձանագրվել, 2 շաբաթ հետո նորից չափել են ռիսկերի աստիճանը, եւ հիմա ունենք զրոյական մակարդակ կամ գոնե նվազում: Նման բան չի ասվել, չի հրապարակվել: Եվ այդ նորմատիվները 2 շաբաթում ինչպե՞ս են վերանայել՝ չեմ պատկերացնում»,- տարակուսեց պարոն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ պետպատվերի ֆինանսավորումը կատարվում է սահմանված կարգով, 2 ձեւ կա Հայաստանում՝ մեկը պոլիկլինիկական համակարգն է, որտեղ նախապես հաշվարկված մեկ շնչին ընկնող գումարներով է ֆինանսավորում լինում, եւ հիվանդանոցային, որը փոխհատուցման ձեւն է, այսինքն՝ բուժված, ապաքինված, դուրս գրված մեկ հիվանդի ծախսերն են, որոնք ամրագրված են բյուջեով: «Այսինքն՝ ոչ ոք չի կարող իր ցանկությունից ելնելով այս կամ այն հիմնարկին այսքան գումար տալ, մյուսին՝ այնքան: Հաշվետվություն պետք է լինի, մարդ լինի, թուղթ լինի, հաշվետվությունը ուղարկվի գործակալություն, որն էլ պետք է փոխհատուցի: Թե ի՞նչ մեխանիզմ է 2 շաբաթում ներդրվել, ի՞նչ կոռուպցիոն դեպքեր են արձանագրվել պետպատվերի տեղաբաշխման դեպքում՝ հայտնի չէ, եւ 2 շաբաթ հետո կոռուպցիան վերացել է, թե ի՞նչ ցուցիչների վրա են գնահատել՝ դժվարանում եմ ասել, երեւի նախարարն առաջիկայում կկիսվի»,- ասաց պարոն Մկրտչյանը:

Մեր այն դիտարկմանը, որ առողջապահության բնագավառի մարդիկ մասնավոր զրույցներում ասում են, որ «լեզու գտնելու», «ծանոթ-խնամի» լինելու հարց է, թե որ բուժհիմնարկին որքան մեծ ծավալի պետպատվեր կտրամադրեն, պարոն Մկրտչյանն ասաց՝ որպեսզի նման բան բացահայտվի, խորն ու ծավալուն ուսումնասիրություն է հարկավոր. «Այսինքն՝ պետք է հետազոտություն լինի, հանրությանը թիվ ներկայացվի՝ այսինչ հիվանդանոցում ավելի փող են տվել: Ոչ ոք նման ուսումնասիրություն չի արել: Մի քանի բան Վերահսկիչ պալատն էր արել տարիներ առաջ, որոշ դեպքեր էին արձանագրվել, բայց եղան հակափաստարկներ, ու հերքվեց դա: Նման դեպքերը բացահայտելը երկարատեւ ու բարդ գործընթաց է՝ հատուկ ուսումնասիրության:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն միջազգային կառույցը, ոչ հայկականը, ամեն տարի ուսումնասիրում է աշխարհում առողջապահության բնագավառում կոռուպցիոն ռիսկերը: Միշտ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրներում կոռուպցիոն ռիսկերով առողջապահությունն առաջին եռյակում է: 2 ամսում, 1 կամ 5 տարում ամբողջությամբ արմատախիլ անել կոռուպցիան՝ չգիտեմ… հարգարժան վարչապետը եթե չուներ կախարդական փայտիկ, ապա ինձ թվում է՝ պարոն Ալթունյանը երեւի իր հետ բերել է այդ կախարդական փայտիկը»:

Օրեր առաջ լրագրողների հետ նույն ճեպազրույցում մեր հարցին՝ բացի պետպատվերի տեղաբաշխումից, էլ ո՞ր ոլորտում կա կոռուպցիա, Լեւոն Ալթունյանը տարակուսած մեր հարցին հարցով էր պատասխանել՝ «Իսկ դուք գիտե՞ք էլ որտեղ կա»:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի 2015 թվականի հաշվետվությունում պետպատվերով դեղերի գնման գործընթացում չարաշահումներ են բացահայտվել, պետական գումարների անարդյունավետ ծախս, սա, ըստ էության, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթաց է: Ըստ ՎՊ-ի՝ 2014-ին առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 4677 դեղահատ «Դեսմոպրեսին ացետատ» 0.1մգ/5մլ դեղը՝ մեկ դեղահատը 5789 դրամով, մոտ 27 միլիոն դրամ ընդհանուր արժեքով՝ այն դեպքում, երբ նշված դեղը Հայաստան է ներմուծվել 2720 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ նախարարության գնման գնից ավելի քան կրկնակի անգամ ցածր գնով:

Նույն դեղը 2015 թվականին 5000 դեղահատ ձեռք է բերվել 5267 դրամով, որը ՀՀ է ներմուծվել 3000 (ներառյալ ԱԱՀ-ն) դրամով կամ նախարարության գնման գնից 75% ցածր գնով: 2015թ. ներմուծման գնից 64% բարձր գնով (44.7 դրամով) ձեռք է բերվել 358500 հատ «Գլիկլազիդ» 60 մգ (Diazon-MR) դեղը, որը ՀՀ է ներմուծվել 27.2 դրամով:
Նշենք, որ առողջապահության նախարարությունը որոշ քայլեր կատարել է այս ոլորտում նման երեւույթները բացառելու համար. մասնավորապես՝ որոշ դեղեր կառավարությունը փորձ է անում ուղիղ արտադրողից գնել: Այնուամենայնիվ, խնդիրը՝ կոռուպցիոն ռիսկերը պետգնումների գործընթացում ամբողջությամբ վերացված չեն:

Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ պետգնումներում առկա կոռուպցիոն ռիսկերը համաշխարհային խնդիր է, եւ այն միայն Հայաստանում չէ. «Եթե որոշումը մարդուց է կախված, թե մրցույթում ով կհաղթի, արդեն սուբյեկտիվիզմ կա՝ անկախ նրանից, թե ինչ չափորոշիչներ են դրվում: Ի վերջո, կոռուպցիան միայն ֆինանսապես չի արտահայտվում, բա հովանավորչությո՞ւնը, սա էլ ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի. այդ ինչպե՞ս է 2 շաբաթում Հայաստանում հովանավորչությունը վերանում: Կոռուպցիան համակարգային է, առողջապահությունը ընդհանուր համակարգի մասն է, չի կարող համակարգից կտրված լինել»:

Արարատ Մկրտչյանն ասաց, որ գուցե իրոք կա մի մեթոդ, որին մյուսները տեղյակ չեն, եւ ինչպես նշեց Մկրտչյանը՝ պարոն Ալթունյանը եթե տիրապետում է այդ մեթոդներին, լավ կլինի կիսվի մյուսների հետ, եւ այլ գերատեսչությունների ղեկավարներն օրինակ վերցնեն Ալթունյանից:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

15.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31